Քոչարյան․ Ադրբեջանի իշխանությունն իրականացնում է լավ պլանավորված պրովոկացիոն գործողություններ

Քոչարյան․ Ադրբեջանի իշխանությունն իրականացնում է լավ պլանավորված պրովոկացիոն գործողություններ

PanARMENIAN.Net - ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով ադրբեջանցի «բնապահպանական» ակտիվիստների՝ վերջին շրջանում իրականացրած գործողություններին, խորհրդարանական ճեպազրույցում ասել է, որ Ադրբեջանի իշխանություններն իրականացնում են լավ պլանավորված պրովոկացիոն գործողություններ, դրանով լարվածություն ստեղծելով Արցախում։

«Բնականաբար, նրանց ակնկալիքն այն է, որ այդ լարվածությունը կտեղափոխվի նաև Հայաստան։ Կարծում եմ՝ պետք է լինել սառնասիրտ, իրենց ցանկություններն իրենց ցանկություններն են, մեր նպատակները մնում են նույնը. անվտանգ կյանք՝ Արցախի մեր հայրենակիցների համար և անվտանգության միջավայրի կառուցում՝ Հայաստանի և Արցախի միասնական անվտանգային տարածքում», - ասել է Քոչարյանը, գրում է Aysor.am-ը։

ՔՊ-ական պատգամավորը նշել է, թե Ադրբեջանը պետք է մի բան իմանա, որ նման քայլերով ստիպում է, որպեսզի Արցախը և Հայաստանն իրենց անվտանգային միջավայրը դարձնեն շատ ավելի գերակա։

«Նրանք ստիպում են, որ մեր անհաջողություններից դասեր քաղելու գործընթացը լինի շատ ավելի արագ քայլերով»,-ասել է նա։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես են ադրբեջանցիները կարողացել հասնել Կաշենի հանքավայր՝ Անդրանիկ Քոչարյանն ասել է, թե իր կարծիքով, դա եղել է փոխհամաձայնեցված։

«Չեմ կարող ասել, թե ում միջև, բայց որ համաձայնություններն առկա են՝ փաստ է»։

Դեկտեմբերի 12-ին Lաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

Դեկտեմբերի 10-ին, ադրբեջանական կողմը, հիմք ընդունելով ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը նախապես ուղղված՝ Մարտակերտի շրջանի հանքավայրերում դիտարկում անցկացնելու գրությունը, ծրագրում էր այցելել Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր։ Խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից, համաձայն իրենց վերադաս մարմինների հրահանգի, թույլատրվել է մեկանգամյա տեսողական այց վերը նշված հանքավայրեր։ Սակայն, տեղում, հանքի աշխատակիցների և հարակից համայնքների բնակիչների կողմից ինքնաբուխ կերպով արգելափակվել է ադրբեջանական խմբի մուտքը հանքավայրերի տարածք։

Դեպտեմբերի 3–ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Միջադեպի մասին տեղեկացվել էին ռուս խաղաղապահները։ Ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո նրանց միջնորդությամբ Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բացվեց։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---