Փրայս․ Կենտրոնացած ենք ՀՀ ու Ադրբեջանի միջև լարվածության թուլացման վրա

Փրայս․ Կենտրոնացած ենք ՀՀ ու Ադրբեջանի միջև լարվածության թուլացման վրա

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը լրագրողների հետ ամենօրյա ասուլիսի ընթացքում պատասխանել է հարցին, թե արդյոք Վաշինգտոնը հետևում է Լաչինի միջանքի շուրջ ստեղծված կացությանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ այս հարցի շուրջ ունեցած վերջին զրույցներին հայկական և ադրբեջանական կողմերի հետ:

Իր խոսքում Փրայսը նշել է, որ ԱՄՆ-ն ուշադրությամբ հետևում է զարգացումներին՝ շեշտելով, որ ամերիկյան կողմը հետևողականորեն կենտրոնացած է ՀՀ և Ադրբեջանի միջև լարվածության թուլացման անհրաժեշտության վրա, գրում է «Ամերիկայի ձայնը»։

«Մենք հետևողականորեն կենտրոնացած ենք այս մարտահրավերի, լարվածության թուլացման, կայուն, համապարփակ կարգավորման ճանապարհին այս երկու երկիրը կանգնեցնելու անհրաժեշտության վրա: Այստեղ՝ Վաշինգտոնում կազմակերպեցինք այս երկու երկրի հանդիպումն արտաքին գործերի նախարարների մակարդակով: Նույնն արեցինք Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում: Բացի այդ, մեր ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերն ակտիվորեն ներգրավված է երկխոսության մեջ երկու երկրի պաշտոնյաների հետ՝ համոզված լինելու համար, որ անում ենք ամենը, ինչ կարող ենք, և ամենակարևորը, որ այս երկու երկիրն ամեն ինչ անում են, որպեսզի այդ լարվածությունը նվազի»,- ասել է Նեդ Փրայսը:

Դեկտեմբերի 12-ին` ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Դեկտեմբերի 10-ին, ադրբեջանական կողմը, հիմք ընդունելով ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը նախապես ուղղված՝ Մարտակերտի շրջանի հանքավայրերում դիտարկում անցկացնելու գրությունը, ծրագրում էր այցելել Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր։ Խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից, համաձայն իրենց վերադաս մարմինների հրահանգի, թույլատրվել է մեկանգամյա տեսողական այց վերը նշված հանքավայրեր։ Սակայն, տեղում, հանքի աշխատակիցների և հարակից համայնքների բնակիչների կողմից ինքնաբուխ կերպով արգելափակվել է ադրբեջանական խմբի մուտքը հանքավայրերի տարածք։

Դեկտեմբերի 3–ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Միջադեպի մասին տեղեկացվել էին ռուս խաղաղապահները։ Ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո նրանց միջնորդությամբ Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բացվեց։

Photo. AP
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---