Զախարովայի կոչը Երևանին՝ «սխոլաստիկայով զբաղվելու փոխարեն» շարունակել համատեղ աշխատանքը

Զախարովայի կոչը Երևանին՝  «սխոլաստիկայով զբաղվելու փոխարեն» շարունակել համատեղ աշխատանքը

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՀՀ և Ադրբեջանի բանակցությունների համար հարթակ տրամադրելու ՌԴ առաջարկն ուժի մեջ է, և կոչ է արել Երևանին «սխոլաստիկայով զբաղվելու փոխարեն», շարունակել համատեղ աշխատանքը։ Այդ մասին ասվում է նրա մեկնաբանության մեջ։

«Եթե հայ գործընկերներն իրոք շահագրգռված են, որ խնդիրները լուծվեն եռակողմ հայտարարության համալիր իրագործման հունում, ապա սխոլաստիկայով զբաղվելու փոխարեն, անհրաժեշտ է շարունակել համատեղ աշխատանքը։ ՀՀ և Ադրբեջանի բանակցությունների համար հարթակ տրամադրելու Ռուսաստանի առաջարկն ուժի մեջ է»,- ասել է դիվանագետը։

Նա նշել է, որ 2022-ի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կայանալու էր ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որին երկու կողմը համաձայնություն էր տվել։

«Ամեն ինչ պատրաստ էր հանդիպումն անցկացնելու համար, բայց հենց ՀՀ ղեկավարությունը վերջին պահին չեղարկեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա։ Դա խանգարեց քննարկել ոչ միայն խաղաղության պայմանագիրը, այլև հայ-ադրբեջանական կարգավորման այլ ակտուալ հարցեր, այդ թվում՝ իրավիճակը Լաչինի միջանցքում»,-ասել է նա։

Միրզոյանը հայտարարել էր, որ իր այցի չեղարկումը պայմանավորված է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակով։

ՌԴ ԱԳՆ մեկնաբանության մեջ ասվում է նաև, որ Բաքվի հետ խաղաղության պայմանագիր մշակելիս 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի վրա հենվելու Երևանի համաձայնությունն ամրագրված է 2022-ի հոկտեմբերին Պրահայում կայացած գագաթնաժողովի արդյունքներով արված հայտարարության մեջ, ինչն արմատապես փոխել է բանակցային գործընթացի տրամաբանությունը։

«Ալմաթիի հռչակագրում հաստատվում է սահմանների անձեռնմխելիությունը, որոնք գոյություն ունեին Խորհրդային Միության հանրապետությունների միջև: Այդ պահի դրությամբ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանական ԽՍՀ մաս էր կազմում։ Անշուշտ, այս հանգամանքը շատ դժվար է անտեսել Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացում»,-ասվում է մեկնաբանության մեջ։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---