ԱԳՆ․ Ցնցված ենք երեխաների նկատմամբ ադրբեջանական կողմի անթույլատրելի վերաբերմունքից

ԱԳՆ․ Ցնցված ենք երեխաների նկատմամբ ադրբեջանական կողմի  անթույլատրելի վերաբերմունքից

PanARMENIAN.Net - ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը, մեկնաբանելով Ադրբեջանի կողմից հայ երեխաներին հոգեբանական ահաբեկման ենթարկելու և իրավունքները խախտելու դեպքը Լաչինի միջանցքում, հայտարարել է, որ հայկական կողմը ցնցված է երեխաների նկատմամբ ադրբեջանական կողմի ցուցաբերած անթույլատրելի վերաբերմունքից։

«Ցնցված ենք հունվարի 17-ին Լեռնային Ղարաբաղ վերադարձող, Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով մոտ 40 օր իրենց ծնողական խնամքից զրկված և ընտանիքներից բաժանված երեխաների նկատմամբ ադրբեջանական կողմի ցուցաբերած անթույլատրելի վերաբերմունքից։

Ինչպես ակնհայտորեն երևում է հենց ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութերում, ահաբեկիչներին հատուկ վարքագիծ ցուցաբերող «էկո-ակտիվիստները» կանգնեցրել են Լաչինի միջանցքով երեխաներին տուն՝ Լեռնային Ղարաբաղ, տեղափոխող փոխադրամիջոցը, ցուցադրաբար բղավոցներ են հնչեցրել, դիմակավորված ներխուժել փոխադրամիջոց, անօրինական կերպով տեսանկարահանել երեխաներին և հոգեբանական բռնություն գործադրել նրանց նկատմամբ: Այս ամենի հետևանքով երեխաները ենթարկվել են հոգեբանական ահաբեկման, նրանցից մեկն ուշաթափվել է։

Ադրբեջանական կողմի այս գործողություններն այդ երկրում պետական մակարդակով իրականացվող հայության նկատմամբ ատելության և թշնամանքի, Լեռնային Ղարաբաղի հայությանը տեղահանելու քաղաքականության վառ օրինակներից են, որը հասնում է անգամ երեխաներին թիրախավորելու մակարդակի։ Նմանօրինակ վարքը որևէ արդարացում չունի թե՛ միջազգային իրավական, թե՛ մարդկային-բարոյական հարթությունում»,-ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջտ:

Նշվույմ է, որ Երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններն ու կառույցները, քաղաքակիրթ մարդկության ներկայացուցիչները պետք է հստակ գնահատական տան ադրբեջանական կողմի այս արգահատելի գործելակերպին` նմանօրինակ նոր դեպքեր թույլ չտալու համար։

Հունվարի 17-ին Ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ընտանիքից կտրված արցախցի 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ։ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը տեղեկացրել է, որ Շուշի-Քարին տակ հատվածում ադրբեջանցիները կանգնեցրել են մեքենան, ներխուժել ու սկսել նկարահանել, երեխաներից մեկն ուշաթափվել է։

Ռուս խաղաղապահների կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում նրանք հեռացվել են մեքենայից, մեքենան շարունակել է ընթացքը։ Այնուհետև, ճանապարհի շրջափակված հատվածով անցնելիս, ադրբեջանցիները ցուցադրաբար բղավոցներ են հնչեցրել երեխաներին տեղափոխող մեքենաների ուղղությամբ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---