ԵՄ դեսպանը՝ ադրբեջանցիների կողմից երեխաներով ավտոբուսը կանգնեցնելու մասին. Շատ անհաջող միջադեպ էր

ԵՄ դեսպանը՝ ադրբեջանցիների կողմից երեխաներով ավտոբուսը կանգնեցնելու մասին. Շատ անհաջող միջադեպ էր

PanARMENIAN.Net - ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, խոսելով հունվարի 17-ին Արցախի ճանապարհին երեխաների հետ տեղի ունեցած միջադեպի մասին, ասել է, որ դա «շատ անհաջող միջադեպ էր», գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Խոսքն այն դեպքի մասին է, երբ ադրբեջանցի «էկոակտիվիստներն» Արցախի ճանապարհին կանգնեցրել էին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ երեխաներին տեղափոխող ավտոբուսը, ներս մտել, սարսափեցրել անչափահասներին:

«Դա շատ անհաջող միջադեպ էր, բայց ԵՄ-ն ակտիվ է ընդհանուր առմամբ. մենք փորձում ենք լուծել խնդիրը, համոզված ենք՝ միջանցքը պետք է բացվի, պետք է մարդկանց և ապրանքների ազատ մուտք լինի, մենք դիվանագիտական հարաբերություններ ունենք և փորձում ենք լուծել խնդիրը»,-ասել է նա, գրում է Armlur.am-ը։

ԵՄ դեսպանն այդպես է պատասխանել այն հարցին, թե ինչ է մտածում դեպքի մասին. չէ՞ որ, ի վերջո, շատ միջազգային կոնվենցիաներ են խախտվել, անգամ այդ պահին երեխաներից մեկն ուշաթափվել է:

Այն ճշտող հարցին՝ իսկ ինչ կասի Արցախի երեխաների ոտնահարված իրավունքների մասին, Վիկտորինը պատասխանել է. «Կարծում եմ՝ արդեն ասացի. մենք փորձում ենք դիվանագիտական լուծում գտնել»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---