44-օրյայում զոհված զինվորների ծնողները ցույց են անում. Առերեսումից հետո ՔԿ-ում ոչ մի գործողություն չի արվել

44-օրյայում զոհված զինվորների ծնողները ցույց են անում. Առերեսումից հետո ՔԿ-ում ոչ մի գործողություն չի արվել

PanARMENIAN.Net - 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, որոնց նկատմամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանության ծառայողները բռնություն են գործադրել, հավաքվել են Քննչական կոմիտեի շենքի մոտ։

44-օրյա պատերազմում զոհված Արման Ազատյանի հայրը` Վիգեն Ազատյանն ասել է, որ արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողների և կարմիր բերետավորների հետ մոտ 1 ամիս առաջ առերեսում է տեղի ունեցել, սակայն դրանից հետո ՀՀ քննչական կոմիտեում ոչ մի գործողություն տեղի չի ունենում, գրում է Sputnik Արմենիան։

«Ցանկանում ենք ճշտել, թե ինչ հրաման է կատարվում։ 3 ոստիկանի հետ առերեսում է եղել, բայց դրանից հետո 1 ամսից ավելի է`ոչ մի տեղեկություն և գործողություն չկա։ Երեք ծնող է եղել առերեսմանը` յուրաքանչյուրն իրեն բռնող ոստիկանի հետ։ Դեպքի առնչությամբ պետք է պատժվեն ոչ միայն «կարմիր գլխարկները», ապա նրանց հրաման տվողները, իսկ վերջում էլ` համար մեկ պատասխանատուն»,– ասել է Ազատյանը։

Այն հարցին, թե ինչպես են ոստիկանները մեկնաբանում 2022-ի սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում տեղի ունեցածը, նա շեշտել է . «Ասում են` սխալմունք է տեղի ունեցել, կներեք»։

Ազատյանը շեշտել է, որ ծնողները կասկածներ ունեն` Արգիշտի Քյարամյանը հրաման է ստացել գործընթացը դադարեցնել, և վերջինս չի ունենա իրավական ու քաղաքական կամք մեղավորներին պատժելու։

Մխիթար Գալեյանի հայրը` Գարիկ Գալեյանն էլ ընդգծել է, որ դեպքից արդեն 5 ամիս է անցել, բռնի ուժ կիրառած ոստիկանները նույնականացված են, բայց մինչ օրս որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել։

«Երեկվա դեպքն (Ազատ գյուղի զորամասերից մեկում բռնկված հրդեհի պատճառով 15 զինվոր է մահացել,–խմբ) արագ «բացահայտեցին», բայց սեպտեմբերի 21-ից արդեն 5 ամիս է անցել, դեռ ոչ մի բան չեն բացահայտել այն դեպքում, երբ տեսանյութեր կան, լուսանկարներ կան։ Սա խոսում է այն մասին, որ քննչական կոմիտեն թուրքական գործողություններ է կատարում»,– ասել է Գալեյանը։

Զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը` Ազգուշ Մարտիրոսյանը, վստահ է` ամեն ինչի համար առաջինը պետք է պատժվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բայց, ըստ նրա, ներկայիս իրականությունը հաշվի առնելով`պետք է սկսել հենց ՔԿ–ից` Արգիշտի Քյարամյանից։ Նա շեշտել է, որ ինքը եղել է առերեսում անցած ծնողներից մեկը։

«Ես առերեսվել եմ, ոստիկաններն էլ ընդունում են իրենց մեղքը, ներողություն են խնդրում։ Այժմ գրել են, որ առերեսումները կասեցվել են»,– ասել է Մարտիրոսյանը։

Ծնողները քննչական կոմիտե են մտել։

Զոհված զինծառայողների ծնողները սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը հերթապահում էին Եռաբլուրում, որպեսզի տապալեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը զինվորական պանթեոն։ Սակայն սեպտեմբերի 21-ի առավոտյան ոստիկանությունը, ուժ կիրառելով, նրանց հեռացրեց տարածքից, զոհվածների ծնողներին տեղափոխեցին բաժանմունք, ինչից հետո իշխանության ներկայացուցիչները կարողացան ծաղիկներ և ծաղկեպսակներ դնել։ Նույն օրը հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ոստիկանության ծառայողների գործողությունների վերաբերյալ ծառայողական քննություն է սկսվել։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---