ԱՀ ԱԳ նախարարը նամակ է հղել ԵԽ գլխավոր քարտուղարին՝ կանխելու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը

ԱՀ ԱԳ նախարարը նամակ է հղել ԵԽ գլխավոր քարտուղարին՝ կանխելու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման կապակցությամբ ԱՀ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը նամակն է ուղարկել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին՝ հորդորելով կանխել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը։

Նամակում ներկայացվել են շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը, ինչպես նաև մարդկանց տառապանքները սաստկացնելու նպատակով Ադրբեջանի կողմից ԱՀ էներգետիկ ենթակառուցվածքների աշխատանքի դիտավորյալ խափանումները։

Նշվում է, որ Ադրբեջանը, իր կանխամտածված գործողություններով, Արցախի ժողովրդին զրկում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորվող մարդու հիմնական իրավունքներն իրացնելու հնարավորությունից, ինչը հանդիսանում է պետական ահաբեկչություն։

Ընդգծվել է, որ Ադրբեջանը, որն Արցախի դեմ 2020 թվականի բարբարոսական ռազմական արշավից հետո անօրեն մնում է Եվրոպայի խորհրդի անդամ պետություն, ներկայումս օգտագործում է կեղծ «բողոքի ակցիաները» որպես հիբրիդային պատերազմի մարտավարություն, որպեսզի հասնի Արցախի ժողովրդին բնաջնջելու հրապարակայնորեն հայտարարված նպատակին:

ԱՀ ԱԳ նախարարը կոչ է արվել ԵԽ Գլխավոր քարտուղարին, կազմակերպության ղեկավարությանը և անդամ պետություններին կանխել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, արագ և վճռականորեն օգտագործել Եվրոպայի խորհրդի ողջ գործիքակազմը՝ Ադրբեջանի կողմից Արցախի ապօրինի և անմարդկային շրջափակումն անհապաղ վերացնելու նպատակով։ Փաստաթղթում նաև նշվում է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու, մասնավորապես, կազմակերպությունում վերջինիս ներկայացուցչության իրավունքները կասեցնելու անհրաժեշտությունը՝ ԵԽ կանոնադրության բացահայտ խախտման պատճառով։

Գրության պատճեններն ուղարկվել են նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահին, Մարդու իրավունքների հանձնակատարին և խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարին։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---