Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գեորգի Վոլսկին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ՀՀ և Ադրբեջանի միջև բանակցությունների լավագույն հարթակը Թբիլիսիում է։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Դավոսում տեղի ունեցած Համաշխարյաին տնտեսական համաժողովի շրջանակում պանելային քննարկման ժամանակ հայտարարել է, որ «Վրաստանն իրոք չեզոք և անաչառ միջնորդ է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններում»։
«Մենք առանձնահատուկ հարաբերություններ ունենք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ։ Վրաստանում ազգությամբ հայ և ադրբեջանցի բազմաթիվ մարդիկ են ապրում, և այդ երկու կողմերի բանակցությունների համար լավագույն հարթակը Վրաստանում է գտնվում»,-ասել է Վոլսկին, գրում է Sputnik-georgia-ն։
Ըստ նրա, Վրաստանի դերը ՀՀ և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործում հատուկ նշանակություն ունի, հատկապես, եթե դա ստանա միջազգային հանրության աջակցությունը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Երևանը մերժել է Հայաստան-Վրաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափ ստեղծելու առաջարկը:ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել է, որ Հայաստանը մեծ հետաքրքրություն ունի Հարավային Կովկասի երկրների միջև եռակողմ երկխոսության զարգացման հարցում:
Թբիլիսյան հնարավոր հարթակը մենք դիտարկում ենք հենց այս՝ տարածաշրջանային եռակողմ քննարկումների, ոչ թե` Հայաստան-Ադրբեջան երկկողմ հանդիպումների տիրույթում: Այժմ շրջանառվում է Հայաստանի ու Վրաստանի վարչապետերի և Ադրբեջանի նախագահի հանդիպման գաղափարը»,-ասել է Միրզոյանը։