ԱՀ ԱԳՆ․ Եռակողմ հայտարարության մեջ Լաչինով բեռների փոխադրման որևէ սահմանափակում չկա

ԱՀ ԱԳՆ․ Եռակողմ հայտարարության մեջ Լաչինով բեռների փոխադրման որևէ սահմանափակում չկա

PanARMENIAN.Net - Արցախի ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի կողմից 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի մեկնաբանման կապակցությամբ՝ նշելով, որ եռակողմ հայտարարության մեջ բացակայում է Լաչինի միջանցքով բեռների փոխադրման որևէ սահմանափակում ըստ դրանց բնույթի, նշանակության կամ կիրառման։

«Վերջին շրջանում ադրբեջանական իշխանություններն ավելի հաճախ են դիմում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ Լաչինի միջանցքի գործունեությանը վերաբերող 6-րդ կետի կամայական մեկնաբանմանը: Սեփական քաղաքական օրակարգն առաջ մղելու նպատակով՝ Ադրբեջանը, փակելով Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը, արդեն ավելի քան 40 օր պատանդ է պահում Արցախի ամբողջ բնակչությանը և ստեղծում լուրջ հումանիտար ճգնաժամ։

Ընդ որում, Ադրբեջանը դիմում է տարատեսակ շահարկումների՝ փորձելով քողարկել Արցախի ժողովրդի նկատմամբ իր անմարդկային քաղաքականությունը։ Մասնավորապես, ռուս խաղաղապահներին և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին պատկանող տրանսպորտային միջոցների երթևեկության մասին տվյալները ադրբեջանական իշխանությունները ներկայացնում են որպես հումանիտար ճգնաժամի և շրջափակման բացակայության ապացույց։ Սակայն միջազգային հանրությանը մոլորեցնելուն միտված ադրբեջանական կեղծարարությունները հերքվում են փաստերով։

Նախ՝ Լաչինի միջանցքի փակման 43 օրվա ընթացքում ավելի քիչ տրանսպորտային միջոցներ են անցել, քան մինչև շրջափակումը՝ մեկ օրվա ընթացքում: Այդ բոլոր տրանսպորտային միջոցները պատկանում էին կամ ԿԽՄԿ-ին, կամ ռուս խաղաղապահներին։ Արցախի բնակիչների տրանսպորտային միջոցները չեն անցել միջանցքով։

Երկրորդ՝ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով դադարեցվել է երկու ուղղություններով ուղևորաշրջանառությունը։ Անգամ ռուս խաղաղապահների՝ Հայաստանից Արցախ երեխաներ տեղափոխող մեքենան է կանգնեցվել, իսկ ուղևորները ադրբեջանցիների կողմից ենթարկվել են նպատակաուղղված հոգեբանական ահաբեկման։

Երրորդ՝ ամբողջությամբ դադարեցվել է սպառողական ապրանքների ներմուծումը, որը կազմում էր օրական ավելի քան 400 տոննա։

Արցախի շրջափակումը ոչ միայն հանգեցնում է առաջին անհրաժեշտության ապրանքների և դեղորայքի սղության, այլև հազարավոր մարդկանց զրկում է աշխատանքից և ապրուստի միջոցներից։ Ավելին՝ բացի Արցախի ցամաքային շրջափակումից, Ադրբեջանը նաև էներգետիկ շրջափակում է իրականացնում՝ նպատակ ունենալով էլ ավելի վատթարացնել հումանիտար իրավիճակը։ Ադրբեջանը շարունակում է դիտավորյալ խոչընդոտել Արցախի գազամատակարարումը և Հայաստանից եկող Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի՝ իրենց վերահսկողության տակ գտնվող հատվածի վերականգնումը, որտեղ հունվարի 9-ին վթար էր տեղի ունեցել։

Ադրբեջանի պնդումը՝ Լաչինի միջանցքով անցնող տրանսպորտային միջոցները կանգնեցնելու և բեռների զննում անցկացնելու իր իրավունքի մասին, բացարձակապես անհիմն է։ Եռակողմ հայտարարության մեջ բացակայում է բեռների փոխադրման որևէ սահմանափակում ըստ դրանց բնույթի, նշանակության կամ կիրառման։ Լաչինի միջանցքի նկատմամբ Ադրբեջանն ունի միայն մեկ պարտավորություն՝ ոչ մի կերպ չխոչընդոտել տեղաշարժը։

Եռակողմ հայտարարության դրույթները միակողմանիորեն վերանայելու և միջազգայնորեն ճանաչված կարգավիճակ ունեցող Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից վերահսկվող և բացառապես մարդասիրական փոխադրումների համար օգտագործվող ճանապարհի վերածելու Բաքվի փորձերն ապօրինի են և պետք է մերժվեն:

Եռակողմ հայտարարության տակ Ադրբեջանի նախագահի ստորագրությունը Ադրբեջանի ակնհայտ համաձայնությունն է ընդունել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի բացառիկ վերահսկողությունը Լաչինի միջանցքի նկատմամբ», - ասվում է հայտարարությունում։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է, հետո միացվել է 1 օրով թույլ ճնշմամբ և հունվարի 21-ի երեկոյան կրկին ամբողջությամբ արգելափակել։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---