26 հունվարի 2023 - 15:31 AMT
Վարդանյանը՝ Meduza-ին․ Հումանիտար խմբերը Շվեյցարիայից, ՌԴ-ից, թեկուզ Աֆրիկայից պետք է կարողանան վայրէջք կատարել Արցախում

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը մեծ հարցազրույց է տվել ռուսական Meduza-ին՝ ներկայացնելով իրավիճակն Արցախում, որը ստեղծվել է ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով։ Նա խոսել է առկա դժվարությունների, արցախցիների տոկունության, իր հասցեին հնչող մեղադրանքների, միջազգային հանրությունից ակնկալիքների մասին։

Հարցին, թե ինչպես է պատկերացնում Արցախի ապաշրջափակումը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ պատժամիջոցներից բացի՝ Վարդանյանը կարևորել է օդային միջանցքի կազմակերպումը։

«Այդպես է եղել Սարաևոյում, 1947-ին Արևմտյան Բեռլինում՝ միակ լուծումը դա եմ համարում։ Որպեսզի միջազգային հումանիտար կազմակերպություններն ասեն Ադրբեջանին՝ ինչ ուզում եք կարող եք անել, բայց մենք թույլ չենք տա, որ 21-րդ դարում մարդիկ սովամահ լինեն, ուստի այսուհետ այնտեղ ինքնաթիռներ կթռչեն, կարող եք դրանք խոցել, բայց այդ դեպքում մերժված վտարանդի կդառնաք»,-ասել է նա։

Նա հավելել է, որ հումանիտար խմբերը Շվեյցարիայից, ՌԴ-ից, թեկուզ Աֆրիկայից պետք է կարողանան հումանիտար բեռներով վայրէջք կատարել Արցախում։

Խոսելով նոր պատերազմի հավանականության մասին՝ Վարդանյանն ասել է, որ դա դժվար որոշում կլինի Ադրբեջանի համար, քանի որ «այս անգամ կռվելու է խաղաղ բնակչության դեմ»։

«Դա արդեն բոլոր սահմանագծերի հատում կլինի՝ պատերազմ երեխաների, կանանց ու խաղաղ բնակչության դեմ։ Կարծում եմ՝ Բաքվում դա հիանալի հասկանում են և ամենևին չէին ցանկանա։

Կարծում եմ նրանք շեշտը կդնենն բնակչությանը ԼՂ-ից դուրս մղելու վրա: Խաղաղության մեր և Ալիևի մոդելների միջև շատ պարզ տարբերություն կա: Մենք ասում ենք՝ ապրում ենք կողքի կողքի, բայց ոչ միասին, նրանք կարծում են, որ խաղաղությունն Արցախի հայաթափումն է»,-ասել է Վարդանյանը։

Անդրադառնալով այն կարծիքներին, որ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու իր որոշման մեջ կա պատժամիջոցներից խուսափելու ձգտում՝ Վարդանյանն ասել է, որ շատ տարօրինակ է պատժամիջոցներից փախչել մի տեղ, որտեղ «քեզ կարող են սպանել միայն հայ լինելու համար»:

«Ես նաև չէի ուզում քաղաքականապես աջակցելով Արցախին, ինչ-որ կերպ վնասել ՌԴ-ին։ Եվ հետո՝ մարդիկ Արցախում պետք է վստահ լինեն, որ ես նրանց հետ կլինեմ մինչև վերջ»,-ասել է նա։

Վարդանյանը նաև իր հիացմունքն է հայտնել արցախցիների տոկունությամբ։

«Արցախում հասկանում ես, որ այստեղ իսկական մարդիկ են ապրում՝ իսկակա՛ն։ Իրենց թերություններով և առավելություններով, բայց կարողանում են իրականը տարբերել արհեստականից՝ լեյբլներից, ֆեյքերից, որոնց մեջ մենք բոլորս ապրում ենք։ Այստեղ ամեն ինչ իսկական է։ Այս մարդիկ շատ ամուր են կառչած իրենց հողից և պատրաստ են զրկանքներ կրել։ Գլխավորը՝ նրանց չդավաճանելն է»,-ասել է Արցախի պետնախարարը։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է, հետո միացվել է 1 օրով թույլ ճնշմամբ և հունվարի 21-ի երեկոյան կրկին ամբողջությամբ արգելափակել։ Հունվարի 25-ին գազամատակարարումը մասնակի վերականգնվել է։