15 զինծառայողի մահվան պատճառ դարձած հրդեհի դեպքով քրհետապնդում է հարուցվել կապիտանի նկատմամբ

15 զինծառայողի մահվան պատճառ դարձած  հրդեհի դեպքով քրհետապնդում է հարուցվել կապիտանի նկատմամբ

PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում զինվորական կացարանում 15 զինծառայողի մահվան պատճառ դարձած հրդեհի քրգործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել կապիտան Ե.Հ.-ի նկատմամբ։

Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2023-ի փետրվարի 1-ին որոշում է կայացվել ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ):

Քննչական կոմիտեի վարութային գործողությունների արդյունքում, ձեռք են բերվել բավարար փաստեր այն մասին, որ Ե.Հ.-ն 2023 թվականի հունվարի 19-ին` ժամը 00:40-ի սահմաններում, հանդիսանալով նստեցման շրջանի պատասխանատու, խախտել է շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութի՝ ավտոբենզինի հետ վարվելու վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված պահանջը, ըստ որի՝ հրդեհային անվտանգության նպատակով արգելվում է վառարանները վառելու համար որպես կպչան, ավտոբենզինի և այլ տեսակի դյուրավառ հեղուկների օգտագործումը:

Ե.Հ.-ն, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի 1-ին փողոցի 20-րդ տուն հասցեում տեղակայված` ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում շահագործվող վառարանը վառելու նպատակով, օրվա հերթապահից ճշտելով այդ ստորաբաժանմանը հատկացված դիզելային վառելիքի և ավտոբենզինի գտնվելու վայրը, սեփական նախաձեռնությամբ, կացարանի հարակից տարածքում բացազատված ավտոհավաքակայանից վերցրել է տրանսպորտային միջոցների մեկնարկիչները գործի գցելու համար հատկացված՝ 5 լիտր տարողությամբ ավտոբենզինով լցված տասը հատ պլաստմասե տարաներից մեկը, վերադարձել է կացարան և վառարանը վառել ավտոբենզինով: Արդյունքում կացարանում բռնկվել է հրդեհ:

ՀՀ ՊՆ համապատասխան մի շարք պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով՝ հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցներով չապահովելու պատճառով, կացարանում գտնվող զինծառայողների կողմից ոչ միայն հնարավոր չի եղել մարել հրդեհը, այլ նաև պահեստային ելքի բացակայության պայմաններում, կոտրել կացարանի պատուհաններին ամրացված երկաթյա ճաղավանդակները և դուրս գալ այնտեղից:

Արդյունքում, Ե.Հ.-ի կողմից կացարանում հրդեհ բռնկելու և պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից հակահրդեհային պաշտպանության միջոցներով անձնակազմին չապահովելու հետևանքով՝ կացարանում հանգստի մեջ գտնվող, նույն վաշտի թվով 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են, իսկ սպան և 4 պարտադիր ժամկետային զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում զինվորական կացարանում 15 զինծառայողի մահվան պատճառ դարձած հրդեհի քրգործով մայոր է ձերբակալվել։

Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Բռնկված հրդեհից 15 ժամկետային զինծառայող է զոհվել, 3 անձ հոսպիտալացվել է, որոնցից մեկը սպա է։ Դեպքին հաջորդել են պաշտոնանկություններ՝ այդ թվում պաշտոնից ազատվել է ԶՈւ հրդեհային անվտանգության վարչության ծառայության պետ Սարգիս Մազմանյանը, ինչպես նաև 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Ֆրունզի Գրիգորյանը։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---