Վարդանյանը՝ Կոլումբիայի համալսարանի քննարկմանը․ Պատրաստ ենք Ադրբեջանի հետ կողք-կողքի ապրել, բայց ոչ մեկ պետհամակարգում

Վարդանյանը՝ Կոլումբիայի համալսարանի քննարկմանը․ Պատրաստ ենք Ադրբեջանի հետ կողք-կողքի ապրել, բայց ոչ մեկ պետհամակարգում

PanARMENIAN.Net - Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը Կոլումբիայի համալսարանի կողմից կազմակերպված առցանց հանդիպման ժամանակ հայտարարել է, որ պատրաստ են բանակցությունների, քննարկումների, խաղաղության, դա պետք է լինի երկկողմանի գործընթաց, հայտնում է «Առավոտը»։

Կոլումբիայի համալսարանի Խաղաղաշինության և մարդու իրավունքների ինստիտուտը «Հայոց երկրորդ ցեղասպանության կանխարգելումը․ Ադրբեջանը շարունակում է շրջափակել Լաչինի միջանցքը» խորագրով առցանց քննարկում է անցկացրել։

Նա շեշտել է․ «Պատրաստ ենք Ադրբեջանի հետ կողք-կողքի ապրել, բայց ոչ մեկ պետական համակարգի ներքո»։

Ներկայացնելով իրավիճակը՝ նա նշել է, որ Արցախն արդեն 52 օր է շրջափակման մեջ է, շփումը աշխարհի հետ միայն Կարմիր խաչի մեքենաների և ռուս խաղաղապահների միջոցով է, որոնք բերում են մթերք ու դեղ:

Վարդանյանը, հակադարձելով ադրբեջանական այն պնդումներին, թե իբր Լաչինի միջանցքը բաց է, փաստեց՝ շրջափակումից առաջ օրական հազարավոր մեքենաներ էին անցնում Լաչինի միջանցքով, իսկ շրջափակման այս օրերին այդ ճանապարհով անցել են ավելի քիչ մեքենաներ, քան նախկինում մեկ օրվա ընթացքում։

Նա փաստել է, որ ընտանիքները շարունակում են իրարից հեռու լինել, Արցախում չեն աշխատում դպրոցներն ու մանկապարտեզները, երկու ժամը մեկ հոսանքազրկումներ են, գազամատակարարումը ևս անջատվում է:

«Այո, մենք ունենք մթերք, մենք սովից չենք մեռնում, այդ մթերքի մի մասը մեր պահուստներից է, մյուս մասը ռուս խաղաղապահներն են բերել, դեղ ենք ստացել Կարմիր խաչից, բայց այդ ամենը ոչ նորմալ պայմաններում է, մարդու կյանքի համար նորմալ պայմաններ չկան։ Մեզ համար մարտահրավեր է ոչ միայն արձագանքել ներկայիս իրավիճակին, բայց նաև ավելի լուրջ ու խորը ճգնաժամի»,-ասել է նա։

Նա վստահեցրեց՝ Արցախում մարդիկ ի հեճուկս այս ամենի դիմադրում են, այս օրերին ավելի միասնական են դարձել։

Ռուբեն Վարդանյանը նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը աջակցության համար ու նշել․ «Մեզ աջակցելը նրանց համար հեշտ չէ։ Ինչպես ՀՀ վարչապետը նշեց՝ պետք է կանխել պոտենցիալ ցեղասպանությունը։ Հաագայի դատարանում, ՄԱԿ-ում և այլ կազմակերպություններում հենց Հայաստանի կողմից է աջակցությունը։ Մենք մեկ ազգ ենք, որ միասին է տարիներ շարունակ, և մենք զգում ենք, որ միայնակ չենք։ Մենք նաև աջակցություն ենք ստանում սփյուռքի կողմից, ՌԴ-ից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից»։

Վարդանյանը վստահեցրել է՝ սա Հայաստանի և Ադրբեջանի միջև էթնիկ վեճ չէ, ոչ էլ կրոնական։

«Սա ժողովրդավարության և բռնապետության միջև հակամարտություն է։ Մարդիկ հասկանում են, որ այս փոքր երկիրը՝ Արցախը, շատ ժողովրդավար և քաղաքակիրթ է, մենք զարգացրել ենք թափանցիկ և ժողովրդավարական համակարգ, ընտրություններ, նախագահ, ընդդիմություն, քաղհասարակություն։ Եվ սա ի հակադրություն Ադրբեջանի, որը ղեկավարվում է մեկ ընտանիքի կողմից, անգամ նրանց քաղաքացիները չունեն իրավունքներ, էլ ուր մնաց ազգային փոքրամասնությունները»,-ասել է նա։

Անդրադառնալով ադրբեջանական կողմի ներկայացմանը, թե Լաչինի միջանցքի հարցը էկոլոգիական խնդիր է՝ Վարդանյանը նշել է․ «Մենք ասել ենք՝ մենք խնդիր չենք տեսնում, եթե միջազգային փորձագետները ցանկանում են գալ և ստուգումներ իրականացնել մեր հանքարդյունաբերական բիզնեսներում, թող գան և ստուգումներ անեն, բայց նաև ուզում ենք, որ ակադեմիական հետազոտություններ իրականացվեն՝ ճշտելու՝ նախորդ տարվա ընթացքում Ադրբեջանում քանի՞ ցույց է տեղի ունեցել էկոլոգիական հարցերով, արդյոք այդ ակտիվիստները դուրս եկե՞լ են փողոց, նրանց թույլ տրվե՞լ է իրենց ձայնը բարձրացնել»։

Արցախի պետնախարարը փաստել է՝ ամբողջ աշխարհն ուշադրությամբ հետևում է նրան, ինչ կատարվում է Արցախում․ մոտ 40,000 հոդված է գրվել այդ մասին։ Նա հատկապես կարևորել է, որ ճնշումն Ադրբեջանի նկատմամբ մեծանա, և այս ամենի կազմակերպիչները պատասխանատվություն կրեն, Ադրբեջանը ենթարկվի պատժամիջոցների։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է, հետո միացվել է 1 օրով թույլ ճնշմամբ և հունվարի 21-ի երեկոյան կրկին ամբողջությամբ արգելափակել։ Հունվարի 25-ին գազամատակարարումը մասնակի վերականգնվել է։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---