Սիդորով․ ՀԱՊԿ երկրները պատրաստ են աջակցել իրենց դաշնակցին Կովկասում

Սիդորով․ ՀԱՊԿ երկրները պատրաստ են աջակցել իրենց դաշնակցին Կովկասում

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը հայտարարել է, որ կազմակերպության անդամ պետությունները պատրաստ են Կովկասում իրենց դաշնակցի կողքին կանգնել։ Նա նշել է, որ անհրաժեշտության դեպքում Հավաքական անվտանգության ուժերը կներգրավվեն կովկասյան տարածաշրջանում՝ ընդգծելով, որ այդ մասին որոշումը պետությունների ղեկավարների իրավասությունն է։

Նա նաև ասել է, որ 2022-ի սեպտեմբերին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցան «բացասական իրադարձություններ», որոնք ուղեկցվեցին տարածքայինի կորուստներով և խաղաղ բնակչության շրջանում զոհերով, գրում է Sputnik Արմենիան։

«Փորձ կա, որոշակի ծրագրեր նույնպես մշակվել են։ Կարծում եմ, որ ՀԱՊԿ անդամ պետությունները պատրաստ կլինեն աջակցել իրենց դաշնակցին՝ կովկասյան տարածաշրջանի իր եղբորը»,– նշել է Սիդորովը։

Նա նշել է, որ ԶԼՄ-ներում հաճախ տեղեկություններ են շրջանառվում, թե ՀԱՊԿ-ն իր անդամին օգնություն չի ցուցաբերում, բայց ռազմաքաղաքական իրավիճակը տարբեր է լինում` միշտ չէ, որ ռազմական ուժերով կարելի է «ինչ-որ հիվանդության բուժման» համար վիրահատություն իրականացնել։ Նա հավելել է, որ երբեմն պետք է գործի «մի վնասիր» սկզբունքը։

«Առավելագույնս փորձում ենք պահպանել իրավիճակը... Գաղտնիք չէ, որ անցած տարվա սեպտեմբերին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցան բացասական իրադարձություններ։ Ավելին, եղել են զոհեր խաղաղ բնակիչների շրջանում։ Եվ, ընդհանուր առմամբ, արձանագրվել է տարածքային կորուստ, սպառազինության և տեխնիկայի կորուստ»,– ասել է Սիդորովը։

ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը հիշեցրել է, որ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի արդյունքում որոշում է կայացվել այնտեղ առաքելություն ուղարկել՝ հաջորդ օրը այնտեղ է մեկնել Սիդորովը, որից հետո նրան է միացել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

«Մենք փորձել ենք առավելագույնս օբյեկտիվ վերլուծություն կատարել այն իրավիճակի վերաբերյալ, որը ստեղծվել է, և զեկույց ենք ներկայացրել պետությունների ղեկավարներին։ Հետո արդեն որոշում են կայացնում պետությունների ղեկավարները»,–նշել է Սիդորովը։

Նա վստահություն է հայտնել, որ ՀԱՊԿ ղեկավարներն ամեն ինչ կանեն, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն հաստատվի, Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխադարձ ընդունելի լուծում գտնվի, և բախումները դադարեն։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---