Միրզոյան․ Լաչինում կարգավորումները բանակցված և ստորագրված են, ուժի գործադրման վերաբանակցումն ընդունելի չէ

Միրզոյան․ Լաչինում կարգավորումները բանակցված և ստորագրված են, ուժի գործադրման վերաբանակցումն ընդունելի չէ

PanARMENIAN.Net - Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ Լաչինի միջանցքի կարգավորումները բանակցված և ստորագրված են, վերաբանակցումը, ընդ որում՝ կրկին ուժի գործադրման արդյունքում և նոր ուժի գործադրման սպառնալիքով, հայկական կողմի համար չի կարող ընդունելի լուծում լինել:

Նա այդպես է մեկնաբանել Մյունխենի հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե հայկական կողմին առաջարկել են, որ Զանգեզուրի միջանցքի սկզբում ու վերջում, նաև Լաչինի ու Հայաստանի միջև անցակետեր պետք է լինեն, հայտնում է Արմենպրեսը։

«Իսկապես այդպիսի գաղափար հնչեցվել է՝ անցակետեր դնել Հայաստանի սահմանին և հատվածում, որտեղ սկսվում է Լաչինի միջանցքը: Բայց մեր պատասխանը միանշանակ ու բավականին հրապարակային է. Լաչինի միջանցքի արգելափակումից անմիջապես հետո այս դիրքորոշումը հնչեցվել է, և այն մնում է նույնը. Լաչինի միջանցքի կարգավորումները բանակցված են, ստորագրված են, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի կողմից, ես խոսում եմ նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին: Լաչինի միջանցքի կարգավորումների վերաբանակցում, ընդ որում՝ կրկին ուժի գործադրման արդյունքում և նոր ուժի գործադրման սպառնալիքով, մեզ համար ակնհայտորեն ընդունելի չէ և չի կարող ընդունելի լուծում լինել»,-ասել է Միրզոյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, թե Ադրբեջանը Հայաստանից պահանջում է «Զանգեզուրի միջանցքը» Լաչինը բացելու դիմաց՝ ԱԳ նախարարն ասել է, որ վերլուծելիս կարելի է տեսնել ադրբեջանական ակնկալիքը՝ բացել Լաչինի միջանցքը մեկ այլ համարժեք միջանցք ստանալու շուրջ: Նա հավելել է, որ այս նարատիվը նոր չէ, և հայկական կողմի դիրքորոշումն էլ դրա կապակցությամբ նոր չի հնչեցվում:

«Մենք ունենք Լաչինի միջանցք, որը, ի դեպ, նույնիսկ մինչև վերջին պատերազմը ամբողջ բանակցային գործընթացում առանձնացվել է որպես հումանիտար միջանցք՝ հաշվի առնելով, որ ԼՂ հայությունն ամբողջությամբ շրջափակված է Ադրբեջանի կողմից, և միակ ճանապարհը՝ աշխարհին ու Հայաստանին կապող, հենց Լաչինի միջանցքն է: Այսինքն՝ ի սկզբանե կարևորվել է միջանցքի գոյությունը: Եվ բոլորը, այդ թվում՝ Ադրբեջանը դա ընդունել են, դա նաև արտացոլված է նոյեմբերի 9-ի փաստաթղթում, դրանում ևս հստակ ամրագրված է Լաչինի միջանցքը»,-ասել է Միրզոյանը:

Ըստ նրա, ինչ վերաբերում է տարածաշրջանի մյուս ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, որի շուրջ պայմանավորվածություններ կան և նոյեմբերի 9-ի փաստաթղթում և 2021-ի հունվարի 11-ի փաստաթղթում՝ հայկական կողմի դիրքորոշումը կրկին նույնն է ու շատ կառուցողական:

«Մենք կարող են րոպե առաջ ձեռնամուխ լինել այդ ճանապարհների ապաշրջափակմանն այն պահից սկսած, երբ կընդունենք, որ այդ բոլոր ապաշրջափակվող ճանապարհները, այդ թվում՝ երկաթուղին, պետք է գործեն այն երկրների սուվերենության շրջանակում ու օրենսդրության ներքո, որոնց տարածքով անցնում են: Սա կարծում եմ՝ շատ հիմնավոր, շատ կառուցողական ու շատ թափանցիկ մոտեցում է, մեր առաջարկն ու պատրաստակամությունն է»,-ասել է ԱԳ նախարարը:

Նա ասել է նաև, որ հայկական կողմը բացառում է, չի ողջունում նոր ուժի կիրառմամբ սպառնալիքների ներքո եղած պայմանավորվածությունները փոխել կամ մի կողմի շահերի հաշվին զիջումներ կորզելու ագրեսիվ քաղաքականությունը, որն արտահայտված է նաև ադրբեջանական կողմի հայտարարություններում:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---