24 փետրվարի 2023 - 12:47 AMT
ՀՀ-ն ձեռնպահ է քվեարկել ՄԱԿ-ում հակառուսական բանաձևին

Հայաստանը ձեռնպահ է մնացել ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի արտահերթ նիստում հակառուսական բանաձևի քվեարկության ժամանակ, որը նվիրված էր Ուկրաինայում պատերազմի մեկնարկի մեկ տարվան։

Փաստաթղթին կողմ է քվեարկել 141 երկիր, դեմ՝ 7-ը, այդ թվում Ռուսաստանը, ինչպես նաև Բելառուսը, Սիրիան, Հյուսիսային Կորեան, Նիկարագուան, Մալին և Էրիթրեան։

ՀՀ-ից բացի ձեռնպահ է մնացել ևս 31 երկիր, այդ թվում՝ Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը, գրում է BBC-ն։

13 երկիր ուղղակի չի մասնակցել քվեարկությանը, այդ թվում Ադրբեջանը։

Բանաձևի նախագիծը ներկայացրել էր Ուկրաինան, դաշնակիցների աջակցությամբ։ Փաստաթղթով պահանջվում է դուրս բերել ՌԴ զորքերն Ուկրաինայի ամբողջ տարածքից, դադարեցնել մարտական գործողությունները։

Փետրվարի 24-ին լրանում է ՌԴ կողմից Ուկրաինայի դեմ պատերամ սկսելու մեկ տարին։ Ըստ ՄԱԿ գնահատականի, առնվազն 7199 խաղաղ բնակիչ է զոհվել այդ ընթացքում, ավելի քան 13 մլն մարդ փախստական է դարձել կամ բռնի տեղահանված։

Photo. Getty Images