24 փետրվարի 2023 - 16:01 AMT
Ucom-ի վանաձորյան զանգերի սպասարկման կենտրոնը 1 տարեկան է

2022-ի փետրվարից Ucom ընկերությունը զանգերի սպասարկման նոր կենտրոն էր հիմնել Վանաձորում, ինչի շնորհիվ ի սկզբանե բացվել է 20 աշխատատեղ, իսկ արդեն 2023-ին պլանավորվում է ընդլայնել աշխատակիցների կազմը մինչև 25 հոգի։ Շարունակվում են Վանաձորում բնակվող և հարցազրույցների փուլը հաղթահարած դիմորդների խորացված դասընթացները, որոնց ժամանակ ապագա աշխատակիցներն ուսումնասիրում են ընկերության կողմից տրամադրվող ֆիքսված և շարժական կապի բոլոր ծառայությունները, անհրաժեշտ աշխատանքային ծրագրերը, ծանոթանում են կորպորատիվ մշակույթին և այլն։

«Զանգերի կենտրոնի բացումը Վանաձորում Ucom-ի՝ մեր բոլորիս լավագույն գաղափարներից ու ամենաարդարացված որոշումներից մեկն է։ Հիանալի զգացողություն է տեսնել աշխատանքային հաջողությունները, առավել հաճելի է տեսնել մարդկանց ժպիտները, ովքեր հնարավորություն ստացան հավասար պայմաններով աշխատանք ունենալ մարզում, լինել մայրաքաղաքային ակտիվության, աշխատանքային թոհուբոհի մեջ՝ գտնվելով ծննդավայրում՝ ընտանիքին մոտ։ Մեծ հպարտությամբ կարող եմ ասել, որ թիմի հիանալի ընտրություն ենք կատարել՝ խելացի, հոգատար, բարեկիրթ, աշխատասեր», - ասել է Ucom ընկերության Հաճախորդների հետ կապերի բաժնի ղեկավար Մանե Վարդանյանը։

Աշխատանքային ձեռքբերումների մասին խոսելիս զանգերի կենտրոնի աշխատակիցներն առաջին հերթին մտաբերել են ոչ թե սեփական հոգատարությունը, բացառիկ մասնագիտական փորձը, այլ զանգահարող հաճախորդների շնորհակալական խոսքերը, խորհուրդները և զարգացմանը միտված առաջարկները։