Փաշինյան. Ասում են՝ «Նոր Զովքը» փակում են, որ «Երևան Սիթին» լավ աշխատի, եղավ՝ դատավարությունը ցույց կտա

Փաշինյան. Ասում են՝ «Նոր Զովքը» փակում են, որ «Երևան Սիթին» լավ աշխատի, եղավ՝ դատավարությունը ցույց կտա

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը անդրադարձել է նաև «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցում արձանագրված խախտումներին և մարդկանց արձագանքին։

Նա նշել է, որ մարդիկ ասում են՝ «Նոր Զովքը» փակում են, որ «Երևան Սիթին» լավ աշխատի՝ հավելելով, որ դատավարությունը ցույց կտա, հայտնում է Factor.am-ը։

«Խոշոր բացահայտում է եղել, հայտնաբերվել է, որ մի սուպերմարկետ 4 միլիարդ դրամի հարկեր չի վճարել։ Այդ թեմայով մի ռեպորտաժի տակ քաղաքացիների մեկնաբանությունները հետևյալն էին՝ այս սուպերմարկետին բռնել են, որ մյուսի գործերը լավ գնան։ Ոչ ոք չի ասում՝ գուցե իրականություն է, ասում են՝ սարքեցին, «Նոր Զովքը» փակում են, որ «Երևան Սիթին» լավ աշխատի։ Եղավ, ձեր ասածն է, հրապարակային դատավարությունը ցույց կտա»,- ասել է Փաշինյանը` հավելելով, որ բոլորը պետք է վճարեն հարկերը։

«Նոր Զովք» ՍՊԸ-ում առերևույթ հարկային չարաշահումներին վերաբերող քրեական վարույթով մեղադրյալ 4 անձ կալանավորվել է, այդ թվում՝ սեփականատերը, տնօրենը, գլխավոր հաշվապահը, ինչպես նաև առերևույթ հանցավոր մեխանիզմի կիրառմանը տեխնոլոգիական-ծրագրային աջակցություն ցուցաբերած մեկ այլ ՍՊԸ-ի սեփականատեր Վ․Ս․-ն։

«Նոր Զովք» ընկերության ավելի վաղ տարածված հայտարարության մեջ ասվում էր, որ «Քննչական կոմիտեն առաջնորդվում է ենթադրությունների հիման վրա հաշվարկված գումարներով»։ Նշվում էր, որ փետրվարի 20-ից իրավապահ մարմինների մեկնարկած գործողությունները օրինականության տիրույթում չեն և ընկերության բնականոն գործունեությունը խաթարելու միտում ունեն:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---