6 մարտի 2023 - 13:45 AMT
ԵՄ առաքելության ղեկավար․ Մեր ներկայությամբ ցույց ենք տալիս` միջազգային հանրությունն այստեղ է` պաշտպանելու տեղացիներին

Արդեն 10 օրից ավելի Հայաստանում գտնվող Եվրամիության առաքելության դիտորդները պարեկություն են իրականացնում Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով, այդ թվում՝ Նախիջևանի հետ սահմանին։ Առաքելությունը շաբաթը մեկ փակ զեկույց է ուղարկում Բրյուսել, որն էլ իր հերթին որոշում է՝ հրապարակել դրանք, թե՝ ոչ:

Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը նշել է, որ դիտորդներն իրենց ներկայությամբ տեղացիներին ցույց են տալիս՝ միջազգային հանրությունն այստեղ է նրանց պաշտպանելու համար, հայտնում է 1tv.am-ը։

Ռիտերն ազգությամբ գերմանացի է, եղել է Հարավային Սուդանում, Կոսովոյում, Աֆղանստանում, Վրաստանում՝ տարբեր թեժ կետերում: Առաջիկա 2 տարին Հայաստանում է լինելու:

Ռիտերն ասել է, որ առաքելությունը ՀՀ-ում ունի 3 խնդիր:

«Առաջինը՝ պարեկություն իրականացնել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով, այդ թվում՝ Նախիջևանի հետ սահմանի, և զեկուցել այդ ամենի մասին: Երկրորդը՝ պարեկության միջոցով ապահովել մարդկանց անվտանգությունը, իսկ դա նշանակում է այցելել գյուղեր, սահմանամերձ շրջաններ՝ այդկերպ մարդկանց ցույց տալով, որ մենք այստեղ ենք, և մեր խնդիրը նրանց մասին հոգ տանելն է: Եվ երրորդը՝ վստահության ամրապնդման մեխանիզմների ներդրումն է, բայց դա արդեն ապագայի հարց է: Այժմ առաջնայինը սահմանի երկայնքով իրավիճակի դիտարկման խնդիրն է»,-ասել է նա:

Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ կենտրոնը Եղեգնաձորում է: Եղեգնաձորն է ընտրվել, քանի որ առաքելության նպատակն է հնարավորինս մոտ լինել երկու երկրի միջև սահմանին:

«Ցանկանում ենք ցույց տալ, որ առաքելությունը միայն հայկական կողմի համար չէ, այդ իսկ պատճառով այն չտեղակայվեց Երևանում, այլ Ադրբեջանի հետ սահմանին: Մենք ունենք ենթակայաններ, որոնցից մեկը Մարտունիում է, նաև Իջևանում, Ջերմուկում, Կապանում, Գորիսում»,-ասել է Ռիտերը։

Նա շեշտել է, որ այդպիսով ծածկում են Ադրբեջանի հետ սահմանը՝ ամբողջ երկարությամբ: Պարեկությունը երբեմն 24 ժամ կարող է տևել՝ ամեն ինչ կախված է անհրաժեշտությունից, նաև եղանակից: Հիմա, երբ դեռ ձմեռային եղանակը պահպանվում է, դժվար է հասնել լեռնային շրջաններ:

Չնայած առաքելությունը սկսել է իր աշխատանքները, դեռ ոչ բոլոր անդամներն են Հայաստանում: Այս պահին մոտ 50-ն են տեղում, մարտ-ապրիլ ամիսներին արդեն բոլորը կժամանեն: Առաքելության կազմում ԵՄ անդամ 25 երկրից՝ Ֆրանսիայից, Գերմանիայից, Պորտուգալիայից, Լեհաստանից, Շվեդիայից և այլ երկրներից:

Ապագայում ԵՄ առաքելությունը նախատեսում է որոշ աշխատանքներում ներգրավել նաև տեղացիների:

«Մենք ունենք դիտորդներ, բայց նաև ադմինիստրատիվ անձնակազմի կարիք ունենք: Առաքելության աշխատանքներում ներգրավված են նաև անվտանգության մասնագետներ, բժիշկներ, ինչպես նաև զեկուցողներ»,-ասել է Ռիտերը։

Առաքելության ղեկավարն ընդգծել է՝ կարևորը սահմանամերձ շրջանների բնակչության անվտանգության ապահովումն է:

«Մենք կանոնավոր պարեկություն ենք անում՝ այցելելով գյուղեր, որոնք այս հակամարտության ազդեցության գոտում են: Մեր ներկայությամբ տեղացիներին ցույց ենք տալիս, որ միջազգային հանրությունը այստեղ է նրանց պաշտպանելու համար: Մենք այստեղ ենք, որ մարդիկ իրենց անվտանգ ու ապահով զգան»,-ասել է նա:

Դիտարկումների ընթացքում, ըստ անհրաժեշտության, նաև լուսանկարում են:

Ռիտերը նշել է, որ չունեն հատուկ տեխնիկական սարքավորումներ, միայն ունեն հեռադիտակներ, GPS սարքավորումներ։

«Մենք միայն ցույց ենք տալիս մեր դրոշը և կատարում դիտարկում»,-ասել է նա՝ հավելելով, որ ավելի քան 1 շաբաթ իրականացված դիտարկումների ընթացքում հրադադարի ռեժիմի խախտում դեռ չեն արձանագրել։

Տեղում, հատկապես՝ ռիսկային տեղանքներում, Հայաստանի պաշտպանության նախարարության հետ գործակցությունը ըստ անհրաժեշտության է:

Ռիտերը նաև նշել է, որ տեղի բնակիչները մոտենում են, տուն հրավիրում, ցանկանում ինչ-որ բան հյուրասիրել:

Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունն ունի 2 տարվա մանդատ: