Թիմ ընկերությունների խումբը ձեռք է բերել «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցը

Թիմ ընկերությունների խումբը ձեռք է բերել «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցը

PanARMENIAN.Net - «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցի նոր սեփականատեր է դարձել Թիմ ընկերությունների խումբը։ Այդ մասին հայտնել են իտալական «Ռենկո» ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Անդրեա Դելլասանտան և Թիմ ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանն մարտի 6-ին կայացած մամուլի ասուլիսին։

Ամփոփելով նախորդ 25 տարիներին հյուրանոցի գործունեությունը՝ Անդրեա Դելլասանտան նշել է, որ այն «Ռենկոյի» պատմության մեջ նշանակալի դեր ունի։

«1998-ին հյուրանոցը ձեռք բերելուց հետո մենք նախաձեռնեցինք դրա վերակառուցումը՝ պահպանելով այն նախնական տեսքը, որն ունեցել էր այս պատմական շենքը։ Այս գործարքով հյուրանոցի պատմության մեջ նոր էջ է բացվում»,-ասել է նա։

2004 թվականին «Երևան» հյուրանոցը դարձել է «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցային ցանցի անդամ, իսկ 2013-ից մինչև 2016 թվականը միացել նույն ընտանիքի «Ռոյալ Թուլիփ» բարձրակարգ հյուրանոցների ցանցին որպես 5-աստղանի հյուրանոց և վերանվանվել «Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երևան»։ 2016 թվականից մինչ օրս հյուրանոցը մաս է կազմում Small Luxury Hotels of the World ցանցին և կոչվում «Գրանդ Հոթել Երևան»։

««Երևան» հյուրանոցը 95 տարի եղել է մեր մայրաքաղաքի խորհրդանիշը և այդպես էլ կմնա՝ շարունակելով ծառայել այն նպատակին, որի համար կառուցվել է։ Մենք անելու ենք ամեն ինչ հյուրերի բացառիկ փորձառությունն ապահովելու և նրանց երևանյան հանգիստը հիշարժան ու հաճելի դարձնելու համար»,- իր խոսքում ասել է Թիմ ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանը՝ հավելելով, որ սեփականատիրոջ փոփոխությունից հետո հյուրանոցի անձնակազմի փոփոխություն չի նախատեսվում։

Երկու ընկերությունների միջև գործարքն իրականացվել է Ակբա բանկի ֆինանսավորմամբ։

Թիմ ընկերությունների խմբին են պատկանում նորարարական, ինժեներական ու տեխնոլոգիական լուծումներ առաջարկող Team Telecom Armenia, Team Systems, Team Solutions, TeamPay ընկերությունները, ինչպես նաև Buy.am առցանց մոլը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---