ԱՀ պետնախարար․ Ոչ զիջելու, ոչ էլ չպայքարելու տեղ այլևս չկա՝ միակ ճանապարհը սեփական հողի վրա պայքարելն է մինչև վերջ

ԱՀ պետնախարար․ Ոչ զիջելու, ոչ էլ չպայքարելու տեղ այլևս չկա՝ միակ ճանապարհը սեփական հողի վրա պայքարելն է մինչև վերջ

PanARMENIAN.Net - Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հեռավար հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին` անդրադառնալով մարտի 5-ին ադրբեջանական դիվերսիոն գործողությանը, որի հետևանքով սպանվել է ՆԳՆ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության երեք ծառայող և վիրավորվել մեկը, պետնախարարն այն ահաբեկչական է որակել:

Ներսիսյանը միջազգային հանրության պահվածքը որակել է անընդունելի և արցախցիների դիմադրողականության ստուգում:

«Դիմադրողականություն ստուգելու տեղ այլևս չկա, ոչ զիջելու և ոչ էլ չպայքարելու հնարավորություն կա: Այսուհետ միակ ճանապարհը սեփական ընտանիքում, սեփական հողի վրա պայքարելն է մինչև վերջ: Դա պետք է գիտակցեն թե՛ Ադրբեջանը, և թե՛ արդբեջանա-ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծմամբ զբաղվող միջազգային դերակատարները»,- ասել է Գուրգեն Ներսիսյանը:

Խոսելով միջադեպի մասին՝ նա ընդգծել է, որ այսպիսով Ադրբեջանը բացահայտ ցուցադրել է, որ Արցախը արտաքին աշխարհի հետ կապվելու որևէ տարբերակ ունենալ չի կարող, իսկ Հայաստանից Արցախ զենք տեղափոխելու պատրվակը այդ պետությունը օգտագործում է իր հանցավոր արարքը քողարկելու համար: Գուրգեն Ներսիսյանը նշել է, որ Արցախի Հանրապետությունն ունի բավարար ապացույցներ և դրանք կներկայացնի միջազգային կառույցներին՝ ապացուցելու ադրբեջանական այս հանցագործությունը:

Պետնախարարը հարցազրույցում նշել է նաև, որ ադրբեջանական կողմի զոհերն ու վիրավորները դեպքի վայրից դուրս են բերվել ռուս խաղաղապահների միջնորդությամբ:

Պետնախարարը պատասխանելով միջազգային փաստահավաք առաքելության անհրաժեշտության մասին հարցին՝ նշել է, որ շուրջ երեք ամիս շարունակ Լաչինի միջանցքի արգելափակման և Արցախում հումանիտար աղետ ստեղծելուց բացի Ադրբեջանը շարունակում է Արցախի հայ բնակչության ահաբեկման գործողությունները:

«Միջազգային հանրության մոտ եթե ցանկություն լիներ, նրանք անմիջապես կգային՝ սեփական աչքով տեսնելու, թե ինչպես է ապրում շրջափակված 120,000 հայ բնակչությունը. Արդյոք ճանապարհը կամ միջանցքը հասանելի է, արդյոք ունենք կապ արտաքին աշխարհի հետ և թե նվազագույն պարենի պաշարն ապահովելու համար ինչերի միջով ենք ստիպված անցնել», - նշել է Գուրգեն Ներսիսյանը:

Անդրադառնալով արցախցիների արժանապատվության մասին հարցին, պետական նախարարը նշել է, որ մեր արժանապատվությունը իրենց կյանքը զոհաբերած ոստիկաններն են, քաղաքացիների ինքնապաշտպանությունն ապահովող անձինք են, երեսուն տարի երկրի սահմանները անառիկ պահած քաջորդիներն են։

Մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա, ինչի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող՝ փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյանը: Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ:

Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարել է, որ տարածքային կորուստներ չկան՝ նման լուրերը սուտ են։ Ադրբեջանը հայտնել է 2 զոհի մասին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---