Մարուքյանը՝ Հաջիևին․ Հազարավոր մարդկանց անվտանգությունը ներքին խնդիր չի համարվում

Մարուքյանը՝ Հաջիևին․ Հազարավոր մարդկանց անվտանգությունը ներքին խնդիր չի համարվում

PanARMENIAN.Net - ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հակադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը, ըստ որի՝ Ղարաբաղի հայերի անվտանգության հարցն Ադրբեջանի ներքին գործն է՝ նշելով, որ հազարավոր մարդկանց անվտանգությունը ներքին խնդիր չի համարվում։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Հաջիևը պնդում է, որ ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների համար միջազգային մեխանիզմներ չեն լինելու։ Նա պնդում է, որ դա Ադրբեջանի ներքին գործն է։ Կրկին պետք է հիշեցնեմ. Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, հազարավոր մարդկանց անվտանգությունը ներքին խնդիր չեն համարվում»,- ասվում է գրառման մեջ։

Հաջիևն ավելի վաղ հայտարարել էր, որ ՀՀ հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար պայման չի կարող հանդիսանալ ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության միջազգային մեխանիզմի ստեղծման ծրագրերը և հավելել է, որ դա անընդունելի է։ Նա ասել է, թե Ադրբեջանը երբեք նման համաձայնություն չի տվել և նման մեխանիզմների ստեղծումը «կդիտարկի որպես իր ներքին գործերին միջամտելու փորձ»։

Հաջիևը նաև հայտարարել էր, որ «Ղարաբաղի շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու» և «ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն Ղարաբաղ, Լաչինի ճանապարհ ուղարկելու» մասին հայ պաշտոնյաների հայտարարություններն անընդունելի են։ Նա ասել է, որ առանց Ադրբեջանի համաձայնության ոչ մի կազմակերպություն չի կարող և չի գնա նման քայլերի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով մարտի 5-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված ահաբեկչական գործողությանը, նշել է, որ ավելի ու ավելի հրատապ է դառնում Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք անհապաղ միջազգային փաստահավաք առաքելության գործուղման անհրաժեշտությունը։ Նա նաև ասել էր, որ անհրաժեշտ է միջազգային հուսալի մեխանիզմներ ստեղծել, որ Բաքու-Ստեփանակերտ անխափան և ինստիտուցիոնալ խոսակցություն տեղի ունենա։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---