Եվրախորհրդարանը նոր զեկույցով դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան ՀՀ դեմ

Եվրախորհրդարանը նոր զեկույցով դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան ՀՀ դեմ

PanARMENIAN.Net - Եվրոպական խորհրդարանը ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ նոր զեկույցով դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ։ Զեկույցում ասվում է, որ 2020-ի 44-օրյա պատերազմից հետո կնքված հրադադարը չի պահպանվում, ավելին՝ հրադադարը մի քանի անգամ խախտվել է՝ հանգեցնելով հարյուրավոր զոհերի և Ադրբեջանի զորքերի կողմից Հայաստանի արևելքում ու հարավ-արևելքում երկրի ինքնիշխան տարածքի բռնազավթման, հայտնում է Արմենպրեսը:

Փաստաթղթում հիշատակվում են Լաչինի միջանցքով քաղաքացիական երթևեկության արգելափակումը, սեպտեմբերյան մարտերի ժամանակ ռազմագերիների խոշտանգումները, 2020-ին և 2021-ի սկզբին քաղաքացիական անձանց, այդ թվում՝ տարեցների նկատմամբ ոտնձգությունները և արտադատական հաշվեհարդարները:

«ԵՄ-ն պատրաստ է ակտիվ դերակատարում ունենալ՝ որպես հուսալի առևտրային գործընկեր և արդար միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու գործում՝ իր գործողությունները հիմնելով ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների հանդեպ հարգանքն առաջ մղելու վրա»,-նշել են զեկույցի հեղինակները։

Նշվում է, որ Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած հակամարտությունն ազդեցություն է ունեցել Հարավային Կովկասի վրա և է՛լ ավելի է բարդացրել տարածաշրջանի անվտանգային իրավիճակը:

Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև հարաբերությունների կարգավորման՝ Ադրբեջանի առաջարկած հինգ սկզբունքներին և դրանց առնչությամբ Հայաստանի արձագանքին, հիշատակվում է Արդարադատության միջազգային դատարանի՝ 2021 թ. դեկտեմբերի 7-ին որոշումը՝ կապված Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացման գործում Ադրբեջանի իշխանությունների ներգրավվածության հետ:

Զեկույցում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը մեծապես խոչընդոտել է Հարավային Կովկասի տարածաշրջանի զարգացմանն ու կայունությանը և ավելի լայն իմաստով ազդում է Եվրոպական կայունության վրա:

«Եվրոպական խորհրդարանը խստորեն դատապարտում է 2022 թ.-ի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքում բազմաթիվ թիրախների դեմ լայնածավալ ռազմական ագրեսիան… դատապարտում է ռազմական ներխուժումները, որոնք 2021 թ.-ի մայիսից ի վեր իրականացվել են չսահմանազատված սահմանով, բոլոր ուժերին կոչ է անում վերադառնալ իրենց ելման դիրքեր, դատապարտում է խաղաղության գործընթացը խաթարող ցանկացած փորձ և բոլոր կողմերին կոչ է անում զերծ մնալ ուժի կիրառումից», - նշված է զեկույցում:

Եվրոպական խորհրդարանը նաև մտահոգություն է հայտնում Ադրբեջանում պահվող հայ գերիների ճակատագրի առնչությամբ, դատապարտում է Բաքվում, այսպես կոչված, «Ռազմավարների զբոսայգու» բացումը, ողջունում է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայելու շուրջ համաձայնագիրը և խրախուսում է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունների միջև երկկողմ շփումները:

Միևնույն ժամանակ նշվում է, որ Ադրբեջանի հետ քաղաքական և էներգետիկ ոլորտում գործընկերությունը խորացնելուց առաջ Ադրբեջանը պետք է բարելավի մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հետ կապված իրավիճակը, որը «դեռ գնահատվում է շատ բացասական»: Անդրադարձ է կատարվում նաև Ադրբեջանում առկա կոռուպցիային, կանանց դեմ բռնություններին, խոսքի ազատության սահմանափակումներին:

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---