Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ Լաչինը բացելու Հաագայի դատարանի որոշումն անտեսելու համար

Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ Լաչինը բացելու Հաագայի դատարանի որոշումն անտեսելու համար

PanARMENIAN.Net - Նիդերլանդների ԱԳՆ-ն գերատեսչություն է կանչել Ադրբեջանի դեսպանին և նրան հայտնել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտության մասին: Այդ մասին տեղեկացնում է Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON), հայտնում է Արմենպրեսը։

Նշվում է, որ Նիդերլանդների խորհրդարանական 13 խմբակցություն գրավոր հարցեր են ուղղել երկրի արտգործնախարար Վոբկե Հոկստրային՝ կապված Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ին ընդունած որոշման հետ: Իր պատասխաններում Հոկստրան համաձայնել է խորհրդարանականների հետ՝ նշելով, որ Ադրբեջանը չի կատարում դատարանի որոշումը, համաձայն որի՝ պետք է իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցներն օգտագործի՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի երկու ուղղությամբ:

Խորհրդարանին ուղղված նամակում արտգործնախարարն ընդգծել է, որ միջազգային դատարանի որոշումներն իրավականորեն պարտավորեցնող են, հետևաբար, Նիդերլանդներն Ադրբեջանի իշխանություններին հանրային կերպով կոչ է արել կատարել որոշումը:

Ըստ հաղորդագրության՝ Նիդերլանդների արտաքին գերատեսչության ղեկավարը բազմիցս իր մտահոգություններն է բարձրացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի առնչությամբ, այդ թվում՝ Ադրբեջանի իշխանությունների հետ երկկողմ բանակցություններում, ինչպես նաև Նիդերլանդների վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև վերջերս կայացած հանդիպման ընթացքում: Նշվում է, որ Նիդերլանդների արտգործնախարարն այդ մտահոգությունները փոխանցել է նաև Ադրբեջանի իր գործընկերոջ հետ մի քանի զրույցներում: Այդ մտահոգություններն արտահայտվել են նաև տարբեր միջազգային համաժողովների ընթացքում, ԵՄ հայտարարությունների միջոցով:

Նիդերլանդների արտգործնախարար Հոկստրան նշել է, որ դատարանի որոշումը պետք է լիարժեք կատարվի, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը պետք է ապահովի մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով:

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---