ՀՀ նախագահը՝ la Repubblica-ին․ Ոչ մի հայ երբեք չի ցանկանա ապրել Ադրբեջանում, որտեղ որպես հայ մշտական վտանգի տակ է

ՀՀ նախագահը՝ la Repubblica-ին․ Ոչ մի հայ երբեք չի ցանկանա ապրել Ադրբեջանում, որտեղ որպես հայ մշտական վտանգի տակ է

PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը իտալական la Repubblica պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է հարավկովկասյան տարածաշրջանում առկա հիմնախնդիրներին և ընդհանուր իրադրությանը, մանրամասներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բովանդակության և ղարաբաղյան շարժման մեկնարկի վերաբերյալ:

Նա նշել է, որ ոչ մի հայ երբեք չի ցանկանա ապրել Ադրբեջանում, որտեղ որպես հայ մշտական վտանգի տակ է։

Իր խոսքում նախագահը նշել է. «Երեսուն տարի առաջ իրավիճակը նույնն էր, ինչ այսօր, վտանգված է հայության գոյատևումը։ Պատերազմ չէր լինի, եթե չլինեին 1988-ին Սումգայիթի և 1990-ի Բաքվի ջարդերը, որոնք կազմակերպված էին Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Արդյունքը եղավ այն, որ ոչ Սումգայիթում, ոչ Բաքվում այսօր ոչ մի հայ չի ապրում։

Այսօր Ադրբեջանի քաղաքականությունը նույնն է: Նա ցանկանում է հայաթափել Լեռնային Ղարաբաղը: Նրանց իշխանությունը հայտարարում է, որ իրենց համար Լեռնային Ղարաբաղի հարցն այլևս գոյություն չունի, քանի որ այն լուծվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմում, չնայած այն հանգամանքին, որ մեր 120 հազար հայրենակիցներ այսօր էլ ապրում են այդ տարածաշրջանում։ Բաքուն պնդում է, որ նրանք պետք է ապրեն ադրբեջանական օրենսդրության համաձայն, կամ պետք է հեռանան: Նրանք լավ գիտեն, որ ոչ մի հայ երբեք չի ցանկանա ապրել այսպիսի Ադրբեջանում, որտեղ մարդու իրավունքները ոտնահարված են, ժողովրդավարության արժեքները չեն գործում և բացի դա, որպես հայ իրենք մշտական վտանգի տակ են։ Չնայած խաղաղության պայմանագիր կնքելու և փոխադարձաբար տարածքային ամբողջականությունը ճանաչելու մեր պատրաստակամությանը, Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ դիրքորոշում ունենալ»:

Պատասխանելով Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ լրագրողի հարցին Հանրապետության նախագահը շեշտել է, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կեղծ բնապահպանական ակտիվիստները լիովին կեղծ պատրվակներով արգելափակել է Լաչինի հումանիտար միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղի 120,000 բնակչության համար ստեղծելով հումանիտար ճգնաժամի սպառնալիք՝ սննդի, դեղորայքի պակասի, էլեկտրաէներգիայի և գազի շարունակական խափանումների պատճառով։

Անդրադառնալով ընդհանուր տարածաշրջանային հիմնախնդիրներին՝ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը լիովին հավատարիմ է տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հասնելու և հարևանների հետ հավասարակշռված ու բարիդրացիական հարաբերությունների հաստատման դիրքորոշմանը:

«Մենք ցանկանում ենք բարիդրացիական հարաբերություններ ունենալ մեր հարևանների հետ, դրա համար էլ մեր կառավարությունը բռնել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհը։ Ես ուրախ եմ, որ այսքան տարի անց մենք վերսկսել ենք երկխոսությունն Անկարայի հետ։ Մենք պետք է ապագային նայենք և տեսնենք, թե ինչպիսի տարածաշրջան ենք ցանկանում թողնել մեր երեխաներին: Մենք պետք է ձգտենք տարածաշրջանային հավասարակշռության ու խաղաղության, ոչ թե պատերազմի»:

Ալիևն օկուպացված Թալիշում հայտարարել է, թե Հայաստանը հանգիստ ապրելու համար պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները։ Ալիևը նաև ասել է, որ հետպատերազմյան իրողությունները պետք է արտացոլվեն բանակցություններում, հակառակ դեպքում «ոչ մի խաղաղ պայմանագիր չի լինի»։

«Որպեսզի Հայաստանը կարողանա հանգիստ ապրել 29 հազար քկմ տարածքում, մեկ պայման կա՝ նրանք պետք է ընդունեն մեր պայմանները՝ պաշտոնապես Ղարաբաղը ճանաչեն Ադրբեջանի տարածք, մեր պայմանների հիման վրա սահմանազատման աշխատանքներ իրականացնեն»,-ասել է նա։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---