Ադրբեջանը կրկին առաջարկել է ԼՂ-ին հաջորդ հանդիպումը Բաքվում անցկացնել

Ադրբեջանը կրկին առաջարկել է ԼՂ-ին հաջորդ հանդիպումը Բաքվում անցկացնել

PanARMENIAN.Net - Ադրբեջանը կրկին առաջարկել է ԼՂ-ին հաջորդ հանդիպումը Բաքվում անցկացնել։ Առաջարկը ներկայացրել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը՝ նշելով, որ «Ղարաբաղի հայ հանրության ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվելու են վերաինտեգրման հարցեր»։

Հանդիպումն առաջարկվում է անցկացնել ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում, գրում է ադրբեջանական APA-ն։

«Ադրբեջանի նախագահի աշխատակազմը մեկ անգամ ևս առաջարկում է Ղարաբաղի հայ հանրությանը, որպես շարունակություն մարտի 1-ին Խոջալուում կայացած հանդիպման և մարտի 13-ի հանդիպման հրավերի, հանդիպում անցկացնել Բաքվում ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում՝ քննարկելու համար վերաինտեգրման, ինչպես նաև Ղարաբաղում ենթակառուցվածքային նախագծերի իրականցման հարցեր»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Մարտի 13-ին Ադրբեջանն առաջարկել էր ԼՂ-ին հաջորդ հանդիպումը Բաքվում անցկացնել՝ «վերաինտեգրումը քննարկելու համար»։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը: «Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հրավիրում է Ղարաբաղի հայ հասարակության ներկայացուցիչներին երկրորդ հանդիպման՝ շարունակելու համար վերաինտեգրման թեմայով շփումները, ինչպես նաև՝ քննարկելու Ղարաբաղում ենթակառուցվածքային նախագծերի իրականացման հարցեր»,-ասվում էր հաղորդագրության մեջ:

Մարտի 14-ին Արցախի ԱԳՆ-ն պատասխանել էր, որ նման հանդիպումներ կարող են տեղի ունենալ ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ, նույն վայրում՝ ինչ մարտի 1-ին, հումանիտար, ենթակառուցվածքային, տեխնիկական հարցերի շուրջ, առանց դրանց անհարկի քաղաքականացման: «Ինչ վերաբերում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման քաղաքական հարցերին, ապա հիշեցնենք, որ Արցախը հավատարիմ է հակամարտության համապարփակ կարգավորմանն ուղղված բանակցություններին, որոնք պետք է տեղի ունենան միջազգայնորեն ճանաչված և հաստատված ձևաչափով՝ կողմերի հավասար իրավունքների և ստանձնած պարտավորությունների կատարման միջազգային երաշխիքների առկայության պայմաններում»,-ասվում էր հայտարարության մեջ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---