Վարչապետն ու ֆրանսիացի սենատորները կարևորել են ԵՄ դիտորդների արդյունավետ գործունեությունը

Վարչապետն ու ֆրանսիացի սենատորները կարևորել են ԵՄ դիտորդների արդյունավետ գործունեությունը

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատում մեծամասնություն կազմող «Հանրապետականներ» խմբակցության նախագահ, Սենատում Լեռնային Ղարաբաղի հարցով խմբի հիմնադիր և նախագահ, Արևելքի քրիստոնյաների հարցով կապի խմբի նախագահ Բրունո Ռետայոյի գլխավորած պատվիրակությանը:

Տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման համատեքստում կարևորվել է Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության արդյունավետ գործունեությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կոպիտ խախտմամբ Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերի:

Վարչապետը բարձր է գնահատել Ֆրանսիայի աջակցությունը մեր երկրին այս բարդ ժամանակաշրջանում: Կառավարության ղեկավարն առանձին շնորհակալություն է հայտնել Սենատին՝ Հայաստանին ու ԼՂ-ին վերաբերող կարևոր բանաձևեր ընդունելու համար:

«Այս անգամ դուք այստեղ եք գտնվում Հայոց ցեղասպանության տարելիցի օրը՝ կարևոր և խորհրդանշական օր մեզ համար: Ինչպես իմ այսօրվա ուղերձում եմ նշել՝ սա անցյալի, ներկայի և ապագայի մասին խորհելու ամենապատեհ պահն է»,- ասել է վարչապետը:

Բրունո Ռետայոն իր հերթին նշել է. «Այսօր՝ ապրիլի 24-ին, մենք հայ ժողովրդի կողքին ենք և ձեզ հետ միասին հարգանքի տուրք ենք մատուցում անմեղ զոհերի հիշատակին: Նրանք նաև մեր զոհերն են, որովհետև խոսքը վերաբերում է ամբողջ մարդկության ողբերգությանը»:

Ռետայոն ևս մեկ անգամ հայտնել է Ֆրանսիայի աջակցությունն ու զորակցությունը Հայաստանին՝ առկա խնդիրների լուծման ու մարտահրավերների հաղթահարման գործում:

Ապրիլի 23-ին Ադրբեջանը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում և անցակետ է տեղադրել։ Այնուհետև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Արցախի 4-5 գյուղեր հայտնվել են լիակատար շրջափակման մեջ։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---