Միրզոյանը Գալուզինի հետ զրույցում շեշտել է Լաչինում ռեժիմի վերականգնման համար ՀՀ դաշնակիցների գործուն քայլերի անհրաժեշտությունը

Միրզոյանը Գալուզինի հետ զրույցում շեշտել է Լաչինում ռեժիմի վերականգնման համար ՀՀ դաշնակիցների գործուն քայլերի անհրաժեշտությունը

PanARMENIAN.Net - Ապրիլի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի են ունեցել երկկողմ հարաբերությունների զարգացման և տարածաշրջանային անվտանգության ապահովման թեմայով խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալներ Մնացական Սաֆարյանը և Վահե Գևորգյանը, ռուսական պատվիրակությունը՝ ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը:

Խորհրդակցությունների ավարտին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինին: Պաշտոնական Բաքվի սադրիչ հայտարարությունների և ագրեսիվ գործողությունների հետևանքով տարածաշրջանում ձևավորվող վտանգավոր իրավիճակի, այդ թվում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում գտնվող միջանցքում անցակետի տեղադրման ուղղությամբ ձեռնարկված քայլերի համատեքստում, ՀՀ ԱԳ նախարարի կողմից շեշտվել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին համապատասխան Լաչինի միջանցքի ռեժիմի վերականգնման ուղղությամբ Հայաստանի դաշնակիցների և գործընկերների կողմից հստակ արձագանքի և գործուն քայլերի անհրաժեշտությունը։

Խորհրդակցությունների շրջանակներում կողմերը քննարկել են հայ-ռուսական երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: Մասնավորապես, վստահության մթնոլորտում տեղի է ունեցել մտքերի փոխանակում արտաքին քաղաքական գերատեսչությունների գծով համագործակցության հետագա խթանման, Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման, հայ-ռուսական հումանիտար կապերի առաջմղման հեռանկարների, ինչպես նաև Հարավային Կովկասում անվտանգության ապահովման հարցերի շուրջ:

Կողմերը ընդգծել են միջազգային հարաբերությունների՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առանցքային հարցերի քննարկման պրակտիկայի շարունակման կարևորությունն ու տրամադրվածությունը:

Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Այնուհետև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---