ԵԽԽՎ համազեկուցողները վերահաստատել են Լաչինով ազատ տեղաշարժը վերականգնելու կոչը

ԵԽԽՎ համազեկուցողները վերահաստատել են Լաչինով ազատ տեղաշարժը վերականգնելու  կոչը

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Յան Լիդել-Գրեյնջերը (Միացյալ Թագավորություն) և Լիզ Քրիստոֆերսենը (Նորվեգիա) և Հայաստանի հարցով համազեկուցողներ Կիմմո Կիլյունենն (Ֆինլանդիա) ու Բորիանա Աբերգը (Շվեդիա) հանդես են եկել հայտարարությամբ՝ վերահաստատելով Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը վերականգնելու իրենց կոչը, հայտնում է Արմենպրեսը։

«Մենք վերահաստատում ենք 2022թ. դեկտեմբերի 16-ին հրապարակված Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը վերականգնելու մեր կոչը և հիշեցնում ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022թ. դեկտեմբերի 21-ի որոշումը՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի, և Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի հրամանը, որում նշվում է, որ «Ադրբեջանը պետք է […] ձեռնարկի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով։

Մենք ի գիտություն ենք ընդունում, որ Հայաստանը նշել է, որ դիմելու է Արդարադատության միջազգային դատարանին՝ ապրիլի 23-ին Լաչինի միջանցքի երկայնքով անցակետի տեղադրման հարցով։

Մենք կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին ձեռնպահ մնալ ցանկացած միակողմանի քայլերից, որոնք կարող են ավելի բարդացնել ԵՄ-ի կողմից ամենաբարձր մակարդակով, ինչպես նաև Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությամբ միջնորդվող բանակցային ջանքերը։ Կոչ ենք անում ակտիվացնել սահմանային հարցերի շուրջ բանակցությունները և բոլոր վեճերը լուծել խաղաղ ճանապարհով»,-ասվում է հայտարարության մեջ։

Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---