Ֆրանսիայի ԱԳ նախարար․ Ցանկանում ենք, որ միջազգային հանրության աջակցությամբ Ստեփանակերտն ու Բաքուն բանակցեն

Ֆրանսիայի ԱԳ նախարար․ Ցանկանում ենք, որ միջազգային հանրության աջակցությամբ Ստեփանակերտն ու Բաքուն բանակցեն

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան, անդրադառնալով այն հարցին, թե որն է Ֆրանսիայի դիրքորոշումը Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության միջազգային մեխանիզմ ձևավորելու հարցում, ասել է, որ ցանկություն կա, որ բանակցություններ սկսվեն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների և ադրբեջանական իշխանությունների միջև, հայտնում է Արմենպրեսը։

«Մենք ցանկանում ենք, որ միջազգային հանրության աջակցությամբ բանակցություններ սկսվեն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների և ադրբեջանական իշխանությունների միջև՝ բնակչության իրավունքների և երաշխիքների բովանդակության շուրջ։ Սա ենթադրում է, որ պետք է բարենպաստ պայմաններ ստեղծվեն նման բանակցությունների համար, մասնավորապես՝ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերականգնման հարցի վերաբերյալ։ Ֆրանսիան կաջակցի ցանկացած լուծման, որը հնարավորություն կտա երաշխավորել, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը կարող է շարունակել ապրել այնտեղ ապահով ՝ պահպանելով իր պատմությունը, ժառանգությունը և մշակույթը: Դա նրա անխախտ իրավունքն է»,-ասել է նախարարը։

Կոլոնան անընդունելի է համարել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով տեղաշարժի խոչընդոտումը՝ նշելով, որ դա Լեռնային Ղարաբաղի բնակչության համար հղի է տնտեսական և մարդասիրական ճգնաժամի լուրջ վտանգներով։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարն ընդգծել է՝ Ադրբեջանի նման գործելաոճը խոչընդոտում է նաև Հայաստանի հետ խաղաղ բանակցություններին։ Նա մտահոգիչ է համարել նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը։

«Մի քանի շաբաթ առաջ Արդարադատության միջազգային դատարանը վճիռ կայացրեց ամփոփ դատավարության ընթացքում՝ պահանջելով Բաքվից իր իրավասության շրջանակում ձեռնարկել բոլոր միջոցները միջանցքով անարգել տեղաշարժն ապահովելու համար: Որոշումը պարտադիր է բոլորի համար, և պետք է հարգվի։ Լաչինի միջանցքի նոր ճանապարհի մուտքի մոտ անցակետ տեղադրելու Ադրբեջանի որոշումն այս առումով խիստ մտահոգիչ է, ինչպես նշել են նաև Եվրամիությունը և ԱՄՆ-ը։ Ֆրանսիայի ցանկությունն է, որ բոլոր վեճերը լուծվեն բացառապես բանակցային ճանապարհով։ Սա է Ֆրանսիայի հանձնառության հիմքում՝ Եվրամիության կողքին։ Եվ պատասխանատվության, բանակցությունների վերսկսման և օրենքի հարգման այս կոչը լսելի դարձնելու համար է, որ ես այս շաբաթ այցելում եմ Ադրբեջան և Հայաստան»,-ասել է նա։

Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։

Photo. AFP
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---