Շտաբ․ Ադրբեջանցիները Շուշիի մոտ 14 ժամ կանգնեցրել են հումանիտար բեռով մեքենաները

Շտաբ․ Ադրբեջանցիները Շուշիի մոտ 14 ժամ կանգնեցրել են հումանիտար բեռով  մեքենաները

PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմը 14 ժամ շարունակ Շուշիի մոտ կանգնեցրել է հումանիտար բեռներ մատակարարող խաղաղապահների մեքենաները, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Ապրիլի 28-ին, մոտ ժամը 21:00-ից մինչև ապրիլի 29-ի` մոտ 11:10-ն Ադրբեջանի ուժային մարմինները Շուշիի մոտ արգելափակել են Հայաստանից Արցախ հումանիտար բեռ մատակարարող ՌԴ խաղաղապահ զորակազմի մեքենաների տեղաշարժը՝ մոտ14 ժամ նրանց կանգնեցնելով ճանապարհին:

Քիչ առաջ, խաղաղապահ զորակազմի հրամանատարության և ադրբեջանական կողմի բանակցությունների արդյունքում մեքենաների շարժը թույլատրվել է և նրանք շարժվել են դեպի Ստեփանակերտ: Բեռնատարների մեջ եղել են հիմնականում սննդամթերք և կենցաղային պարագաներ, որոնք սահմանված կարգով բեռնվել են ՀՀ Գորիս քաղաքում՝ շրջափակման մեջ գտնվող Արցախի ժողովրդի առաջին անհրաժեշտության կարիքները հոգալու նպատակով:

Փաստորեն, Արցախի շրջափակումը շարունակվում է երկու կետում՝ Հակարիի կամրջի մոտ ապրիլի 23-ին տեղադրված անցակետով և Շուշիի մոտ 2022թ. դեկտեմբերի 12-ից արգելափակված հատվածով, որտեղ երեկ Ադրբեջանի կառավարության քաղաքացիական հագուստով գործակալներին արդեն բացեիբաց փոխարինել են ուժային մարմինների աշխատակիցները»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ սա վկայում է այն մասին, որ չնայած 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ և այլ միջազգային փաստաթղթերով ստանձնած պարտավորություններին, ինչպես նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշմանն ու միջազգային հանրության բազմաթիվ հորդորներին, Ադրբեջանն օր-օրի խորացնում է Արցախի ժողովրդի շրջափակումը և սրում անվտանգային ու հումանիտար իրավիճակը:

Ապրիլի 28-ին ադրբեջանցի Էկոակտիվիստները հայտարարեցին, որ դադարեցնում են արգելափակումը Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում՝ Լաչինում ապօրինի անցակետի տեղադրումից հետո։ Նրանք հայտարարել են, թե ապրիլի 29-ին` ժամը 18։00-ին, «ժամանակավոր կդադարեցնեն» 138 օր տևած ակցիան՝ «հաշվի առնելով իրենց պահանջների մասնակի կատարումը»։ Սակայն նրանց փոխարինելու են եկել ուժային կառույցների աշխատակիցները՝ Շուշիի ոստիկանության և ՆԳՆ աշխատակիցները։

Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։

Photo. AFP
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---