Հարությունյան․ ԼՂ կարգավիճակի հարցը միջազգային առումով շարունակում է մնալ չլուծված՝ պետք է հաշվի նստել

Հարությունյան․ ԼՂ կարգավիճակի հարցը միջազգային առումով շարունակում է մնալ չլուծված՝ պետք է հաշվի նստել

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն Արմենպրեսին հարցազրույցում ասել է, որ ԼՂ կարգավիճակի հարցը միջազգային առումով շարունակում է մնալ չլուծված՝ սրա հետ պետք է հաշվի նստել։

Արցախի նախագահը շեշտել է՝ ոչ ոք չպետք է մոռանա, որ հակամարտությունը ծագել է Արցախի կարգավիճակի շուրջ վեճի արդյունքում, ինչն էլ ի սկզբանե ճանաչվել է ողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից։

Նա նշել է նաև, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Արցախի միջազգային կարգավիճակի թեման փակելու որևէ պայմանավորվածություն չի եղել։

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի սպառնալիքներին՝ Հարությունյանն ասել է, որ Ադրբեջանի նախագահն արդեն երրորդ տարին շարունակ փորձում է աշխարհին համոզել, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված է, և որ «Լեռնային Ղարաբաղ» հասկացություն այլևս գոյություն չունի։

«Սակայն, այո, խնդիրն այն է, որ այս ամենի շուրջ նա չունի լայն միջազգային հանրության համաձայնություն։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը միջազգային առումով շարունակում է մնալ չլուծված, և սրա հետ պետք է հաշվի նստել։

Երբեմն կարևոր է հակամարտության պատմության մեջ փնտրել հարցերի պատասխանները: ԽՍՀՄ Սահմանադրության չեղարկման հետևանքով խորհրդային հանրապետությունների ձևավորման և տարածքային բաժանման իրավական հիմքերը վերացել են: Պետությունները հռչակվում էին այդ տարածքներում ապրող առանձին տիտղոսակիր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Գործնականում նախկին Հայկական ԽՍՀ-ն, ԼՂԻՄ-ը և Ադրբեջանական ԽՍՀ-ն միաժամանակ հռչակեցին իրենց անկախությունը՝ միջազգային իրավունքին և ԽՍՀՄ օրենսդրությանը համապատասխան։ Ինքնորոշված Լեռնային Ղարաբաղը ոչ մի մասնակցություն չի ունեցել Ադրբեջանի սահմանադրության ձևավորմանը։ Սակայն, նորաստեղծ Ադրբեջանական Հանրապետությունն անհիմն հավակնություներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։

Միևնույն ժամանակ, միջազգային հանրությունն ի սկզբանե արձանագրել է ԼՂ կարգավիճակի շուրջ տարաձայնությունների առկայության փաստը։ Այստեղ գոյություն ունի անչափ կարևոր մի հանգամանք։ 1992-ի հունվարի 30-ին Ադրբեջանը, ճանաչված լինելով ընդամենը մի քանի պետությունների կողմից, Հայաստանի հետ նույն օրն անդամագրվել է ԵԱՀԽ-ին։ Այդ պետությունների ինքնիշխանությունը ԵԱՀԽ-ի կողմից ճանաչվել էր այն պայմանով, որ նրանք իրենց հերթին ճանաչում են Լեռնային Ղարաբաղի պատկանելության շուրջ տարաձայնությունների առկայության փաստը և համաձայնվում են, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը որոշվելու է ԵԱՀԽ հովանու ներքո անցկացվելիք խաղաղության համաժողովի ժամանակ։ Երկու պետություններն էլ տվել են նման համաձայնություն, դրանով իսկ ընդունելով Լեռնային Ղարաբաղի՝ վիճելի տարածքի միջազգային կարգավիճակը և ստանձնելով հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու պարտավորություն։

Սակայն, ԵԱՀԽ-ին անդամակցելուց հետո Ադրբեջանն անմիջապես խախտեց իր միջազգային պարտավորությունը։ ԼՂՀ ադրբեջանաբնակ բնակավայրերը վերածելով ռազմական հենակետերի՝ Ադրբեջանը լայնածավալ ռազմական ագրեսիա սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն էլ օգտվեց ինքնապաշտպանության իր իրավունքից։ Ադրբեջանի ագրեսիան պսակվեց պարտությամբ իր իսկ համար։ Արցախի Հանրապետությունը (ԼՂՀ-ն) դե-ֆակտո կայացել է 1992-94 թվականներին Ղարաբաղյան առաջին պատերազմում ձեռք բերած հաղթանակի արդյունքում։ Միջազգայնորեն ճանաչվել է ԼՂՀ-ի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գիծը։ Միջազգային բանակցություններում ցայսօր չկա ոչ մի պայմանավորվածություն ինչպես ԼՂՀ կարգավիճակի, այնպես էլ ԼՂՀ-ի ու Ադրբեջանի սահմանազատման գծի շուրջ։ Կարգավիճակի շուրջ որևէ համաձայնություն չկա նաև 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությունում, ինչը նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղը շարունակում է ունենալ հակամարտային կամ վիճելի տարածքի միջազգային կարգավիճակ, բայց ոչ երբեք Ադրբեջանի մաս։»,-ասել է Հարությունյանը։

Նա նշել է, որ պետք է հաշվի առնել նաև, որ Ադրբեջանի Գերագույն խորհրդի կողմից 1991 թ. օգոստոսին ընդունված «Ադրբեջանի պետական անկախության վերականգնման մասին» հռչակագրով և նույն տարվա հոկտեմբերին ընդունված «Ադրբեջանի պետական անկախության վերականգնման մասին» սահմանադրական ակտով Ադրբեջանը հրաժարվել է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից և իրեն հռչակել 1918-1920 թթ. գոյություն ունեցած Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության իրավահաջորդը: Իսկ նախախորհրդային այդ ժամանակաշրջանում նույնպես Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն համարվում էր որպես վիճելի տարածք՝ պաշտոնապես ընդունված Ազգերի Լիգայի կողմից:

«Ուշագրավ է նաև, որ այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղը շատ ավելի լայն սահմաններ ուներ, և ԽՍՀՄ կազմում գոյության առաջին տարիներին նույնիսկ ընդհանուր սահման է ունեցել Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության հետ: Այս փաստերից շատ կարևոր հարց է ծագում, թե արդյ՞ոք Ադրբեջանի անկախության հռչակված հիմնարար փաստաթղթերով չի ընդունվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ու տարածքների վիճելիության փաստը»,-ասել է Հարությունյանը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---