Սիմոնյանն՝ Անկարայում․ Շարունակում ենք բախվել անվտանգային լուրջ մարտահրավերների

Սիմոնյանն՝ Անկարայում․ Շարունակում ենք բախվել անվտանգային լուրջ մարտահրավերների

PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որի գլխավորած պատվիրակությունն Անկարայում մասնակցում է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովին, իր ելույթում ասել է, որ ՍԾՏՀ տարածաշրջանում շարունակում ենք բախվել անվտանգային լուրջ մարտահրավերների:

«Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի աշնանը տեղի ունեցած 44-օրյա պատերազմը, Ուկրաինայում շարունակվող պատերազմը լուրջ աշխարհաքաղաքական հետևանքներ ունեն ընդհանուր անվտանգային ճարտարապետության համար:

2021 թվականին, այնուհետև 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը ձեռնարկեց հերթական չհրահրված ռազմական ագրեսիան Հայաստանի արևելյան և հարավ-արևելյան սահմանների երկայնքով ներխուժելով և գրավելով մեր ինքնիշխան տարածքները:

Այս պահին, արդեն մոտ 5 ամիս է, Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, արգելափակել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների պատասխանատվության հատվածում գտնվող Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղի կյանքի միակ ճանապարհը, ինչը հանգեցրել է հումանիտար ճգնաժամի: Ապրիլի 23-ին Ադրբեջանն անօրինական անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքի սկզբնամասում: Չնայած ադրբեջանական կողմը պնդում է, որ միջանցքը բաց է, այն փաստացի շարունակում է փակ մնալ ազատ երթևեկության համար:

Ճգնաժամն ունեցել է լայն միջազգային արձագանք: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ որոշումներ են կայացրել, որոնք արհամարհվել են պաշտոնական Բաքվի կողմից:

Պատերազմի ավարտից անցել է երկուսուկես տարի, իսկ Ադրբեջանն առ այսօր առնվազն 33 ռազմագերի է պատանդ պահում:

Հայաստանի դեմ ագրեսիայի կիրառումից ստեղծվող իրավիճակը չի կարող հիմք դառնալ կայուն և տևական խաղաղության համար»,-ասել է Սիմոնյանը։

Նա նշել է, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարևանների նկատմամբ և ակնկալում է, որ մեր հարևանները նույնպես կառաջնորդվեն այդ սկզբունքով:

«2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

Այս օրերին Վաշինգտոնում ԱՄՆ Պետական քարտուղարի նախաձեռնությամբ ընթանում են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ղեկավարած պատվիրակությունների բանակցությունները: Քննարկման առարկա են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Կարծում եմ՝ սա դրական զարգացում է, և ես հաջողություն եմ մաղթում դիվանագետներին»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահը՝ հավելելով, որ հակամարտությունները պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով:

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---