Բլինքեն․ ՀՀ և Ադրբեջանի միջև համաձայնությունը տեսանելի է, հասանելիության սահմաններում

Բլինքեն․ ՀՀ և Ադրբեջանի միջև համաձայնությունը տեսանելի է, հասանելիության սահմաններում

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ բանակցությունների ամփոփիչ ելույթում ասել է, որ ՀՀ և Ադրբեջանի միջև համաձայնությունը տեսանելի է և գտնվում է հասանելիության սահմաններում, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

«Երկու կողմը վերջին մի քանի օրվա ընթացքում քննարկել են մի շարք ծանր հարցեր և շոշափելի առաջընթաց գրանցել կայուն խաղաղության համաձայնագրին հասնելու հարցում։ Հուսով եմ, որ նրանք տեսնում են, և ես հավատացած եմ, որ համաձայնությունը տեսանելի է և գտնվում է հասանելիության սահմաններում: Եվ այդ համաձայնության ձեռքբերումը, կարծում եմ, կունենա ոչ միայն պատմական նշանակություն, այլև խորապես բխում է Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների շահերից ու շատ դրական ազդեցություն կունենա նույնիսկ երկու այս երկրների սահմաններից դուրս:

Կարծում եմ, որ բանակցությունների տեմպը և այն հիմքը, որը ստեղծել են մեր գործընկերները, ցույց են տալիս, որ մենք իսկապես գտնվում ենք համաձայնության հասնելու ճանապարհին։ Ցանկացած մարաթոնի վերջին մղոնը միշտ ամենադժվարն է. մենք դա գիտենք. Բայց Միացյալ Նահանգներն այստեղ է, որպեսզի շարունակի օգնել մեր երկու ընկերներին անցնել վերջնագիծը: Եվ ինչպես ասում եմ, ես կարծում եմ, որ դա չափազանց շատ հասանելի է:

Ի վերջո, պետք է ասեմ, որ այն ղեկավարությունը, որը մենք տեսնում ենք թե՛ Հայաստանից, թե՛ Ադրբեջանից, և իմ բարեկամներ երկու արտգործնախարարներից, ոգեշնչող է։ Սրանցից ոչ մեկը հեշտ չէ, բայց հանձնառությունը, առաջ շարժվելու, մնացած դժվարին հարցերով զբաղվելու վճռականությունն իրական է: Եվ այս մի քանի օրերից մենք զգում ենք, որ, ինչպես ասացի, շատ շոշափելի առաջընթաց ենք գրանցել»,-ասել է նա իր ելույթում։

Բլինքենը հավելել է, որ վերջնական համաձայնությունը հասանելի է, և ԱՄՆ-ն վճռական է շարունակելու իր աջակցությունը դրան հասնելու համար։

Բացի այդ ԱՄՆ պետքարտուղարությունը տարածել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը Հայաստան ոի Ադրբեջանի միջև խաղաղ բանակցույունների ավարտից հետո, որտեղ ասվում է, որ կողմերը զգալի առաջընթաց են գրանցել։

«Երկկողմ և եռակողմ քննարկումների ինտենսիվ և կառուցողական շարքից հետո կողմերը զգալի առաջընթաց գրանցեցին բարդ խնդիրների լուծման գործում։ Երկուսն էլ անկեղծ հանձնառություն դրսևորեցին հարաբերությունների կարգավորման և իրենց երկու երկրների միջև երկարատև հակամարտությունը դադարեցնելու հարցում:

Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը սկզբունքորեն համաձայնել են որոշակի պայմանների և ավելի լավ են պատկերացնում միմյանց դիրքորոշումները չլուծված հարցերի վերաբերյալ։ Ես առաջարկել եմ նախարարներին վերադառնալ իրենց մայրաքաղաքներ՝ իրենց կառավարությունների հետ կիսելու այն հեռանկարը, որ հավելյալ բարի կամքի, ճկունության և փոխզիջումների դեպքում համաձայնությունը հասանելի է: Նրանք կշարունակեն ունենալ Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունն ու ներգրավվածությունը տեւական և կայուն խաղաղություն ապահովելու իրենց ջանքերում»,-ասվում է հայտարարության մեջ։

Մայիսի 1-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առանձին հանդիպումներ է ունեցել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ, որին հաջորդել է եռակողմ հանդիպումը։

Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպմանը քննարկվել են անվտանգային իրավիճակի, ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման կարգավորման գործընթացի հարցեր: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին:

Մայիսի 4-ինՎաշինգտոնում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների եզրափակիչ փուլը՝ ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ։ Հիմնական թեման հարաբերությունների կարգավորման համաձայնագիրն էր։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---