ՀՀ-ի և Չեխիայի վարչապետները կարևորել են ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության հարցը

ՀՀ-ի և Չեխիայի վարչապետները կարևորել են ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության հարցը

PanARMENIAN.Net - Հայաստանի և Չեխիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանն ու Պետր Ֆիալան հանդիպումից հետո երկու երկրի հարաբերությունների մասին համատեղ հայտարարություն են ստորագրել, որտեղ կողմերն ընդգծում են Հայաստանի և Ադրբեջանի միջև չլուծված բոլոր խնդիրների խաղաղ և տևական կարգավորման հասնելու անհրաժեշտությունը։

Նշվում է նաև, որ կողմերը գիտակցում են, որ ՀՀ և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսության հարցը կարևոր նշանակություն ունի։

Հայտարարության մեջ ասվում է, որ Եվրամիության առաքելության տեղակայումը Հայաստանի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով համարում են էական ներդրում տարածաշրջանում անվտանգության ամրապնդման գործում։

«Կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնում ամրապնդելու և ընդլայնելու համագործակցությունը Եվրոպական միության նախաձեռնությունների, ներառյալ Արևելյան գործընկերության և Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ), մասնավորապես Հայաստան-ԵՄ քաղաքական և անվտանգության երկխոսության, ինչպես նաև քաղաքական, տնտեսական և ոլորտային համագործակցության համատեքստում՝ հիմնված ընդհանուր արժեքների և ժողովրդավարության, մարդու իրավունքների, լրատվամիջոցների ազատության և օրենքի գերակայության նկատմամբ ամուր հանձնառության վրա։ Չեխիայի Հանրապետությունն աջակցում է Հայաստանի հետ համագործակցությունն ընդլայնելու ԵՄ-ի վճռականությանը, բարձր է գնահատում Հայաստանի առաջընթացը ժողովրդավարության ճանապարհին և լավ կառավարման սկզբունքները, քաջալերում է հետագա առաջընթացը և վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանին բարեփոխումների ճանապարհին։

Կողմերն ընդգծում են ժողովրդավարական սկզբունքների, մարդու իրավունքների խթանման և պաշտպանության, ինչպես նաև օրենքի գերակայության կարևորությունը.

Կողմերը կարևորում են փոխակերպման փորձի փոխանակումը և քաղաքացիական հասարակության անդամների համագործակցության խրախուսումը և քաղաքացիական հասարակության ներգրավումը բարեփոխումների գործընթացում.

Հայկական կողմը բարձր է գնահատում Եվրոպական միության շարունակական ջանքերը Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար նպաստավոր միջավայր ստեղծելու ուղղությամբ։

Կողմերը գիտակցում են միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման կարևորությունը, սպառնալիքի կամ ուժի կիրառման անթույլատրելիությունը և հարգանքը միջազգային մարդասիրական իրավունքի նկատմամբ։

Կողմերը նկատի են առնում ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքներն առ այն, որ բոլոր պետություններն իրենց միջազգային հարաբերություններում պետք է զերծ մնան ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ուժի սպառնալիքից կամ կիրառումից և իրենց միջազգային վեճերը կարգավորեն խաղաղ միջոցներով: Նրանք ընդգծում են բոլոր պետությունների՝ իրենց քաղաքականության ուղին և դաշինքներ ընտրելու անկապտելի իրավունքի կարևորությունը»,-ասվում է հայտարարության մեջ։ ։

Կողմերը նշել են, որ Եվրոպական քաղաքական համայնքը համարում են օգտակար ձևաչափ Եվրամիության և նրա գործընկերների համար։ Հայաստանը բարձր է գնահատել Չեխիայի նախագահությունը ԵՄ Խորհրդում ԵՔՀ-ի անդրանիկ գագաթնաժողովը հյուրընկալելու գործում։

Երկօրյա պաշտոնական այցով Չեխիայում գտնվող վարչապետը հանդիպումներ է ունեցել նաև Չեխիայի նախագահ Պետր Պավելի, խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի, Սենատի նախագահ Միլոշ Վիստարչիլի հետ: Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---