Սիմոնյանը` Անկարայում. «Նեմեսիս» հուշարձանի տեղադրումը ՀՀ արտաքին քաղաքականության դրսևորում չէ

Սիմոնյանը` Անկարայում. «Նեմեսիս» հուշարձանի տեղադրումը ՀՀ արտաքին քաղաքականության դրսևորում չէ

PanARMENIAN.Net - Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի տեղադրման որոշումը կայացվել է տեղական ինքնակառավարման մարմնի կողմից և ՀՀ արտաքին քաղաքականության դրսևորում չէ։ Այս մասին Անկարայում հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Ըստ նրա` ցանկության դեպքում միշտ կարելի է պատճառներ գտնել հարաբերությունները վատացնելու համար, ինքն էլ կարող էր հազար պատճառ գտնել Թուրքիա չմեկնելու համար, հայտնում է Sputnik Արմենիան։

«Բայց ես այստեղ եմ, որ թուրք հասարակությանն ասեմ` Հայաստանը պատրաստ է խաղաղության և հարաբերությունների կարգավորման առանց նախապայմանների»,– շեշտել է Սիմոնյանը։

Ալեն Սիմոնյանը ցավ է հայտնել, որ հուշարձանի տեղադրումը նման արձագանք է ստացել Թուրքիայում։

«Որոշումը կայացվել է տեղական ինքնակառավարման մարմնում, և ես չեմ ցանկանում, որ արձանի տեղադրումն այստեղ ընկալվի որպես Հայաստանի պետական արտաքին քաղաքականության դրսևորում կամ որպես ոչ բարիդրացիական քայլ։ Հայաստանում պետական արտաքին քաղաքականությունն իրականացվում է վարչապետի և արտգործնախարարի կողմից, այս մակարդակում կայացված որոշումներին վերջին ամիսների ընթացքում բոլորդ եք ականատես», - ընդգծել է Սիմոնյանը։

Ալեն Սիմոնյանը հավելել է, որ Հայաստանը լիովին անկեղծ է հարաբերությունները կարգավորելու իր ձգտման մեջ:

«Եթե մենք ունենք քաղաքական կամք, եթե ունենք հարաբերություններ վերականգնելու և կարգավորելու որոշում, այդ ճանապարհը հեշտ չի լինելու։ Բայց մենք պետք է առաջ շարժվենք»,– ասել է ԱԺ խոսնակը։

Նա հույս է հայտնել, որ իրենց թուրք գործընկերները ևս դեպի առաջ քայլ կանեն։

«Մենք կօգտվենք այս պատմական հնարավորությունից։ Մենք նոր էջ ենք բացում ինչպես մեր, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար»,– եզրափակել է Սիմոնյանը։

Ապրիլի 29-ին Թուրքիան առանց նախապես տեղեկացնելու փակել էր իր օդային տարածքը հայկական FlyOne Armenia ավիաընկերության համար, Փարիզ–Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Քիշնևում և միայն ապրիլի 30-ի գիշերը վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։

Մայիսի 3-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան Հայաստանի համար փակել է իր օդային տարածքը դեպի երրորդ երկրներ թռիչքների համար` այդ որոշումը բացատրելով Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի բացմամբ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---