Բայրամով․ Բանակցություններում մեկ քայլ առաջ ենք արել, բայց «գործընթացին պետք է իրատեսորեն մոտենալ»

Բայրամով․ Բանակցություններում մեկ քայլ առաջ ենք արել, բայց «գործընթացին պետք է իրատեսորեն մոտենալ»

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ վաշինգտոնյան բանակցություններում կողմերը մեկ քայլ առաջ են արել, սակայն բանակցային գործընթացին պետք է իրատեսորեն մոտենալ։

«Մայիսի 1-4-ը բավականին ինտենսիվ քննարկումներ են ծավալվել խաղաղության պայմանագրի շուրջ, որոնք ընդգրկում էին մի շարք կետեր ու կարևոր պահեր։ Չի կարելի ասել, որ մենք ամբողջապես պայմանավորվել ենք։ Կողմերի դիրքորոշումների միջև բավականին շատ տարընթերցումներ կան, սակայն այս բանակցությունների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել խաղաղ համաձայնագրի առանձին կետերի շուրջ։ Մենք ևս մեկ քայլ առաջ ենք կատարել»,- ասել է Բայրամովը, գրում է Interfax.az-ը։

Նա նաև հայտարարել է, որ Բաքվում դրական են գնահատում մայիսի 14-ին կայանալիք ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը՝ նշելով, որ այն «պետք է դիտարկել որպես հարաբերությունների կարգավորման նպատակով Բաքվի և Երևանի միջև տարվող բանակցությունների բաղադրիչ մաս»:

Մայիսի 8-ին Բայրամովըլիտվացի իր գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում հայտարարել էր, որ առաջընթացըՀՀ հետ վաշինգտոնյան բանակցություններում չի արդարացրել Ադրբեջանի հույսերը։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գրասենյակը հաստատել է, որ մայիսի 14-ին Բրյուսելում նախատեսված է Միշելի և Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Այդ հանդիպմանը կհաջորդի հունիսի 1-ին կայանալիք հնգակողմ հանդիպումը Մոլդովայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---