Պետդեպը ՀՀ-ին և Ադրբեջանին կոչ է արել զորքերը հայելային հետ քաշել սահմանից

Պետդեպը ՀՀ-ին և Ադրբեջանին կոչ է արել զորքերը հայելային հետ քաշել սահմանից

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարությունը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ է անում համաձայնություն տալ սահմանից իրենց զինված ուժերը հետ քաշելու վերաբերյալ: Այս մասին մայիսի 11–ի ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանթ Պատելը` մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած սրացումը։

«Բռնությունը (հայ-ադրբեջանական սահմանին) խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի ձեռք բերած առաջընթացը կայուն և արժանապատիվ խաղաղություն տանող ճանապարհին։ Մենք կոչ ենք անում երկու երկրի առաջնորդներին, որ երբ նրանք հավաքվեն Բրյուսելում ամսի 14-ին, համաձայնություն տան սահմանի երկայնքով իրենց զինված ուժերը հետ քաշելուն»,-ասել է Պատելը, հայտնում է Sputnik Արմենիան։

Նա հավելել է, որ զորքերի հայելային հետքաշման հարցը քննարկվել է մայիսի սկզբին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ բանակցությունների ընթացքում:

Ինչ վերաբերում է Վաշինգտոնում կայացած բանակցություններին, Պատելը դրանք «կարևոր, դրական քայլ» է անվանել։ Նրա խոսքով` կողմերը հնարավորություն են ունեցել քննարկել որոշ կարևոր հարցեր, «տեսնել մյուս կողմի տեսակետը»։

«Մենք հավատում ենք, որ շարունակում է գոյություն ունենալ ամուր առաջընթացի ճանապարհը։ Մենք կարծում ենք, որ այս խնդրին խաղաղ լուծում կա։ Ահա թե ինչու ենք մենք շարունակում այդքան խորությամբ զբաղվել այդ հարցով»,–ասել է Պատելը։

Պատասխանելով այն հարցին` արդյոք պետքարտուղարը Բրյուսելում կայանալիք հանդիպումը դիտարկում է որպես «Վաշինգտոնում երկխոսության շարունակություն», թե այն «առանձին ուղղություն» է համարում, խոսնակն ասել է, որ չի պատրաստվում առաջ անցնել բուն բանակցություններից։

Մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը ժամը 10:25-ի դրությամբ ունի 4 վիրավոր: Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել նաև վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:

Սոթքի ուղղությամբ լարվածությունը նվազել է: Սահմանագոտու մյուս հատվածներում իրավիճակը հարաբերականորեն կայուն է:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---