Բելգիան դեսպանատուն կբացի ՀՀ-ում

Բելգիան դեսպանատուն կբացի ՀՀ-ում

PanARMENIAN.Net - Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը հայտարարել է Հայաստանում Բելգիայի դեսպանություն բացելու մասին։ Լահբիբը նաև հայտարարել է, որ Բելգիան ցանկանում է իր ներդրումն ունենալ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մեջ, հայտնում է Արմենպրեսը։

Նա ասել է, որ Կովկասում Բելգիան իր ներկայությունը կապահովի նաև Հայաստանում։ Բելգիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ մինչ այս պահը Բելգիան Հայաստանի հետ աշխատել է Մոսկվայում երկրի դեսպանատան միջոցով, մինչդեռ աշխարհաքաղաքական զարգացումները պահանջում են իրավիճակի մոնիթորինգ գետնի վրա։

«Բելգիան ամբողջությամբ սատարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի ուղղությամբ եվրոպական ջանքերին, մասնավորապես Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության միջոցով, որում Բելգիան ցանկանում է ներդրում ունենալ։ Մեր երկիրը նաև մեծ կարևորություն է տալիս Հարավային Կովկասում կայունությանն ու բարիդրացիությանը։ Այս տեսլականից է բխում Երևանում մեր դիվանագիտական ներկայացուցչության բացումը՝ ի լրումն Բաքվում մեր՝ արդեն իսկ գործող դեսպանատան»,-հայտարարել է Բելգիայի արտաքին գործերի նախարարը։

Փետրվարի 20-ին Եվրամիությունը մեկնարկել է իր քաղաքացիական առաքելությունը Հայաստանում։ ԵՄ առաքելության՝ բացառապես քաղաքացիական անձնակազմի կազմում ընդգրկված է մոտ 100 մարդ, այդ թվում՝ մոտ 50 անզեն դիտորդ։ Առաքելության օպերատիվ շտաբը Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում է։ Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայության Քաղաքացիական պլանավորման և վարման կարողությունների (CPCC) գործադիր տնօրեն Ստեֆանո Թոմատը կաշխատի որպես Քաղաքացիական գործողությունների հրամանատար, իսկ Մարկուս Ռիտերը՝ որպես առաքելության ղեկավար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---