ԱԽ քարտուղար․ ՀԱՊԿ-ից դուրս գալը քննարկել ենք, Մոսկվան չի մատակարարել զենքը, որի համար վճարել ենք

ԱԽ քարտուղար․ ՀԱՊԿ-ից դուրս գալը քննարկել ենք, Մոսկվան չի մատակարարել զենքը, որի համար վճարել ենք

PanARMENIAN.Net - Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, խոսելով Հայաստանի անվտանգային խնդիրների մասին, «Նովայա գազետա Եվրոպա» պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ մեխանիզմները, որոնք պետք է ապահովեին ՀՀ անվտանգությունը, փլուզվել են, իսկ նորերը չեն ստեղծվել։

«Դա ճգնաժամ է»,-ասել է նա։

Այն հարցին, թե այդ դեպքում ինչ է պետք անել, Գրիգորյանը պատասխանել է․ «Որոնել նոր մեխանիզմներ և զենքի մատակարարումներ, քանի որ օբյեկտիվորեն մենք չենք ստանում այն, ինչ պատվիրել ենք Ռուսաստանից, և ինչի համար վճարել ենք»։

Ճշգրտող հարցին, թե արդյոք խոսքը դոլարով հարյուրավոր միլիոնների 2021թ․ պայմանագրի մասին, որը մինչ օրս չի կատարվել՝ Գրիգորյանն ասել է, որ խոսքը մի քանի նման պայմանագրերի մասին է, նշվածը միակը չէ։

«Մենք նաև ակնկալում էինք ՀԱՊԿ-ից, որ այն կգործի 2022-ի սեպտեմբերին՝ Ադրբեջանի ուղիղ ագրեսիայի ժամանակ, բայց այն չաշխատեց։ Եվ այլն»,-ասել է նա։

Այն հարցին, իսկ խո՞սք եղել է ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, ԱԽ քարտուղարը դրական է պատասխանել։

«Ճիշտն ասած, այո, նման քննարկումներ եղել են, դա բնական ռեակցիա է»,-ասել է նա։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում հայտարարել էր, որ Մոսկվան Երևանից նախաձեռնողական քայլեր է ակնկալում ՀՀ-ում ՀԱՊԿ առաքելության ծավալման հարցում։

2022-ի նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը, քանի որ այն բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել, Ադրբեջանի գործողություններին քաղաքական գնահատական չի տրվել։ ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ավելի ուշ հայտնել էր, որ որպես օգնություն Հայաստանին առաջարկվել են քաղաքական-դիվանագիտական, ռազմական միջոցառումներ, այդ թվում՝ առաքելության գործուղում հայ-ադրբեջանական սահման և ռազմատեխնիկական աջակցություն։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---