Սամվել Բաբայան․ Ցնցումներից խուսափելու նպատակով Արցախի նախագահի առաջարկն ընդունվել է

Սամվել Բաբայան․ Ցնցումներից խուսափելու նպատակով Արցախի նախագահի առաջարկն ընդունվել է

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ԱՀ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը հայտարարություն է տարածել «Արցախի ժողովու´րդն է իր ճակատագրի իրավատերը» խորագրով մայիսի 15-ին տեղի ունեցած հանրահավաքի արդյունքների վերաբերյալ՝ նշելով, որ ցնցումներից խուսափելու նպատակով ԱՀ նախագահի առաջարկն ընդունվել է և առաջարկը 10-օրյա ժամկետում քննարկումներ կանցկացվեն։ Այդ մասին ասվում է նրա ֆեյսբուքյան գրառման մեջ։

«Մայիսի 15-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել «Արցախի ժողովու´րդն է իր ճակատագրի իրավատերը» խորագրով հանրահավաք, որի ընթացքում հավաքի մասնակիցները, ընդունելի համարելով Արցախում ստեղծված իրավիճակից ելքի իմ տեսլականը, հանդես են եկել հայտարարությամբ՝ ԱՀ նախագահից պահանջելով համարժեք լիազորություններով ինձ նշանակել ԱՀ պետական նախարարի պաշտոնում։

ԱՀ նախագահի կողմից Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի միջնորդությամբ առաջարկվել է քննարկումներ ու խորհրդակցություններ սկսել քաղաքական բոլոր ուժերի հետ՝ ստեղծված իրավիճակից ելքերի շուրջ։

Բացառապես հասարակական-քաղաքական ցնցումներից խուսափելու նպատակով մեր կողմից ընդունվել է սույն առաջարկը՝ 10-օրյա ժամկետում քննարկումների միջոցով ելքեր գտնելու պայմանով»,-ասվում է հայտարարության մեջ։

Բաբայանը նշել է նաև, որ խորհրդակցություններից հետո հանդես կգա քննարկումների բովանդակության և հետագա քայլերի վերաբերյալ հայտարարությամբ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն արձագանքել է Արցախի Ազգային ժողովի նախագահի կողմից իրեն փոխանցված Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հավաքի մասնակիցների հայտարարությանը: Նա հայտարարել է, որ որոշել է ընդառաջ քայլ անել՝ առաջարկել է սկսել քննարկումներ ու խորհրդակցություններ նրանց կողմից ներկայացված առաջարկների ու ծրագրերի շուրջ:

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հրավիրած ԱՀ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հանրահավաքում պահանջել են Արցախի նախագահից Սամվել Բաբայանին նշանակել պետնախարար։ Բեմ է հրավիրվել Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, որը հայտնել է որ ուղերձը կփոխանցի նախագահին և երկրում սկսելու են քաղաքական կոնսուլտացիաները և դիտարկելու են բոլոր առաջարկները։ Սամվել Բաբայանը հայտարարել է, որ իրենց պատասխանը պետք է երկու ժամից, որպեսզի որոշեն իրենց հետագա անելիքը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---