Աշոտ Փաշինյանի առևանգման գործով անցնող Գայանե Հակոբյանը կալանավորվել է

Աշոտ Փաշինյանի առևանգման գործով անցնող Գայանե Հակոբյանը կալանավորվել է

PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, որոշում կայացրել կալանավորել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին, որը ձերբակալվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու գործով:

Գայանե Հակոբյանը կալանավորվել է 1 ամսով: Նրան մեղադրանք է ներկայացվել, հայտնում է Aysor.am-ը։

Պաշտպանության կողմը միջնորդել էր Գայանե Հակոբյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել տնային կալանքը (պայմանով, որ հնարավորություն կտրվի պարբերաբար այցելել Եռաբլուր), վարչական հսկողությունը (Աշոտի ու եթե անհրաժեշտ է՝ վարույթին ներգրավված այլ անձանց հետ շփվելու արգելքը), գրավը (ուղենիշային չափը՝ 10 մլն դրամ), երաշխավորություն (ստանձնելու պատրաստակամություն են հայտնել ԱԺ երկու խմբակցությունները ներկայացնող տասը պատգամավոր և Հրանտ Թոխատյանը)։

Գայանե Հակոբյանը հացադուլ է հայտարարել:

Իրավիճակը դատարանի մոտ խիստ լարվել է. 44-օրյա պատերազմում զոհված տղաների ծնողները փակել են ճանապարհը:

Մայիսի 17-ին «Հայկական ժամանակը» տեղեկություն էր տարածել, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետևից ընթացող մեքենան: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել մարդուն առևանգելու հոդվածով, ձերբակալվել է մեկ անձ Գայանե Հակոբյանը։ Նույն օրը գիշերը իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ Գայանե Հակոբյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան շտապօգնության մեքենայով և ոստիկանության ուղեկցությամբ տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Առավոտյան հայտնի դարձավ, որ Գայանե Հակոբյանը «Էրեբունի» ԲԿ–ից տեղափոխվել է ձերբակալվածներին պահելու վայր։

«Որդիների կանչ» ՀԿ-ն, արձագանքելով ՀԿ անդամների կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի առևանգման վերաբերյալ հրապարակումներին, հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Աշոտ Փաշինյանն ինքն է նստել մեքենան, որտեղ իրենից բացի եղել է միայն զոհված զինծառայողներից մեկի մայրը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---