Փաշինյանը որդուն չի հորդորել հետ վերցնել դիմումը․ Սոնա Մնացականյանի գործի ընթացքին տեղյակ չէ

Փաշինյանը որդուն չի հորդորել հետ վերցնել դիմումը․ Սոնա Մնացականյանի գործի ընթացքին տեղյակ չէ

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած ասուլիսում, պատասխանելով զոհված զինծառայողի մոր՝ Գայանե Հակոբյանի դեմ իր որդու ներկայացրած բողոքի մասին հարցին, ասել է, որ չի հորդորել իր որդուն՝ Աշոտ Փաշինյանին, հետ վերցնել բողոքը, քանի որ վերջինս «իր փաստարկներով զրկել է իրեն նման խնդրանքով դիմելու հնարավորությունից»։

Նա նշել է, որ ինքը Հայաստանում չէր միջադեպի ժամանակ, և վերադառնալով, իմացել է, որ իրավական ընթացակարգեր են սկսվել։

«Երբ ես որդուս հետ զրուցում էի, ինքն ասում էր, որ իր ընկալմամբ, հոր պայքարի ամբողջ նպատակն ու խնդիրն էն էր, որ ՀՀ-ում իրավական կարգով լուծվեն հարցերը։ նա ասել է՝ ենթադրենք, ես էլ իմ ընկերներին կամ իմ ջոկատի անդամներին վերցնեմ, ինչ-որ պատասխան գործողություն անեմ, առևանգմանը առևանգմա՞մբ պատասխանեմ։ Բնականաբար, դա անընդունելի է և ՀՀ-ում բոլոր մարդիկ պետք է արձանագրեն, որ հարցերը պետք է իրավական ճանապարհով լուծել», -ասել է Փաշինյանը։

Վարչապետը, պատասխանելով այն դիտարկմանը, որ ոմանք խոսում են ընտրովի արդարադատության մասին, քանի որ զոհվածի ծնողի գործով տուժած չկա, բայց կա կալանք, իսկ վարչապետի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանիգործով կալանավորված չկա, թեև 1 տարի է անցել, ասել է, որ տեղյակ չէ այդ գործի ընթացքից։

Նա հավելել է, որ որևէ պատճառ չի տեսնում, որ այդ գործի ընթացքն օբյեկտիվորեն տեղի չունենա։

Այն հարցին, թե որքանո՞վ էր ճիշտ հերոսածին մորը կալանավորելը, Փաշինյանն ասել է, որ եթե պատերազմի ժամանակ բեկորը սպաներ Աշոտ Փաշինյանին, Աննա Հակոբյանը կլիներ հերոսածին մայր, իսկ հիմա հերոսածին մայր չէ՞։

«Եթե բեկորը սպաներ Աշոտ Փաշինյանին, նա կլիներ հերոս, իսկ, եթե չի սպանել, միլիմետրերի տարբերությամբ է անցել իր կողքով, նա հակահերո՞ս է: Կարծում եմ, բոլորիս պարզ է, որ ոչ ոք որոշում չի կայացրել, որ Աշոտ Փաշինյանը պետք է չզոհվի Եթե բեկորը սպաներ Աշոտ Փաշինյանին, Աննա Հակոբյանը կլիներ հերոսածին մայր, իսկ հիմա Աննա Հակոբյանն այլևս հերոսածին մայր չէ՞»,-ասել է Փաշինյանը։

Մայիսի 17-ին «Հայկական ժամանակը» տեղեկություն էր տարածել, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետևից ընթացող մեքենան: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել մարդուն առևանգելու հոդվածով, ձերբակալվել է մեկ անձ Գայանե Հակոբյանը։ Նույն օրը գիշերը իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ Գայանե Հակոբյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան շտապօգնության մեքենայով և ոստիկանության ուղեկցությամբ տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Առավոտյան հայտնի դարձավ, որ Գայանե Հակոբյանը «Էրեբունի» ԲԿ–ից տեղափոխվել է ձերբակալվածներին պահելու վայր։

«Որդիների կանչ» ՀԿ-ն, արձագանքելով ՀԿ անդամների կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի առևանգման վերաբերյալ հրապարակումներին, հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Աշոտ Փաշինյանն ինքն է նստել մեքենան, որտեղ իրենից բացի եղել է միայն զոհված զինծառայողներից մեկի մայրը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---