Փաշինյան. ՀԱՊԿ-ում ՀՀ անդամությունը դադարեցնելու կամ սառեցնելու որոշում կարող է կայացվել, եթե ՀԱՊԿ-ը դուրս գա ՀՀ-ից

Փաշինյան. ՀԱՊԿ-ում ՀՀ անդամությունը դադարեցնելու կամ սառեցնելու որոշում կարող է կայացվել, եթե ՀԱՊԿ-ը դուրս գա ՀՀ-ից

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հրավիրած ասուլիսում չի բացառել, որ ՀԱՊԿ-ում ՀՀ անդամությունը դադարեցնելու կամ սառեցնելու որոշում կարող է կայացվել, բայց «միայն այն պարագայում, եթե արձանագրվի, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել Հայաստանից»։

«Եթե ՀՀ-ն դե յուրե որոշում կայացնի ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ, դա տեղի կունենա միայն այն դեպքում, եթե ՀՀ-ն արձանագրի, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել Հայաստանից»,-ասել է նա՝ պարզաբանելով, որ նկատի ունի կազմակերպության պարտավորությունները։

«Անընդհատ խոսվում է ՀԱՊԿ դիտորդական առաքելության ՀՀ գալու-չգալու մասին՝ ինչո՞ւ չի գալիս, ի՞նչն է պատճառը։ Մենք էլ դրա մասին թափանցիկ ասում ենք։ Ես չեմ բացառում, որ ՀՀ-ն կարող է դե յուրե որոշում կայացնել ՀԱՊԿ-ում անդամությունը դադարեցնելու կամ սառեցնելու վերաբերյալ։ Բայց դա տեղի կունենա միայն այն պարագայում, երբ մենք արձանագրենք, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել Հայաստանից։ Դե որ դուրս է եկել, էլ ի՞նչ անենք մենք, ուրիշ բան մնո՞ւմ է անելու։ Եթե արձանագրենք, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել ՀՀ-ից, ՀԱՊԿ անդամի դե յուրե և ոչինչ չտվող կարգավիճակը մեզ միայն խանգարելու է այլ երկրների հետ անվտանգային օրակարգ քննարկել։ Կարծո՞ւմ եք ՀՀ-ն այլ երկրներից սպառազինություն կամ ռազմական տեխնիկա ձեռք բերելու այլ առաջարկներ չի՞ ստացել։ Ասել են՝ դե դուք ՀԱՊԿ անդամ եք, ինչ քննարկենք ձեզ հետ»,-ասել է վարչապետը։

Փաշինյանը նաև ասել է, որ Հայաստանը դեռ չի որոշել մասնակցելու է արդյոք Ղրղզստանում կայանալիք ՀԱՊԿ զորավարժություններին՝ հավելելով, որ լրացուցիչ քննարկումների կարիք կա։

«Լրացուցիչ կքննարկվի, թե ինչ ձևաչափով և ինչ ծավալով կմասնակցենք», - ասել է վարչապետը։

Ավելի վաղ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, խոսելով Հայաստանի անվտանգային խնդիրների մասին, «Նովայա գազետա Եվրոպա» պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու քննարկումներ եղել են։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում հայտարարել էր, որ Մոսկվան Երևանից նախաձեռնողական քայլեր է ակնկալում ՀՀ-ում ՀԱՊԿ առաքելության ծավալման հարցում։

2022-ի նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը, քանի որ այն բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել, Ադրբեջանի գործողություններին քաղաքական գնահատական չի տրվել։ ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ավելի ուշ հայտնել էր, որ որպես օգնություն Հայաստանին առաջարկվել են քաղաքական-դիվանագիտական, ռազմական միջոցառումներ, այդ թվում՝ առաքելության գործուղում հայ-ադրբեջանական սահման և ռազմատեխնիկական աջակցություն։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---