Միրզոյան․ Վաշինգտոնում խաղաղության պայմանագրի նախագծի ևս 2 հոդված համաձայնեցվեց

Միրզոյան․ Վաշինգտոնում խաղաղության պայմանագրի նախագծի ևս 2 հոդված համաձայնեցվեց

PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասուլիսում, խոսելով մայիսի սկզբին Վաշինգտոնում հայ-ադրբեջանական բանակցությունների մասին, ասել է, որ ԱՄՆ-ում որոշակի առաջընթաց ձեռք բերվեց այն առումով, որ խաղաղության պայմանագրի նախագծի ևս 2 հոդված հնարավոր եղավ համաձայնեցնել։

Նա հավելել է, որ մի քանի այլ հոդվածների շուրջ հնարավոր եղավ անկեղծ խոսակցություն ծավալել, հայտնում է Aysor.am-ը։

«Կարող եմ ասել, որ այդ խոսակցությունների ընթացքում կողմերը շատ լավ են հասկանում մեկը մյուսի մտադրությունները և պատկերացումները։ Բացի նշածս երկու հոդվածից, կարծում եմ, մյուս հոդվածների մասով ևս հավանականություն կա համաձայնության։ Կան հոդվածներ և թեմաներ, որտեղ կողմերի դիրքորոշումները դեռ բավականին հեռու են իրարից։ Սրանք այն հոդվածներն են, որոնք առնչվում են ամենադժվար խնդիրներին», - ասել է Միրզոյանը։

Նա նշել է, թե Հայաստանի համար սկզբունքային է որոշակիություն ունենալ սահմանազատման գործընթացում։

«Մենք շահագրգռված ենք տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակմամբ և պատկերացնում ենք, որ դա պետք է տեղի ունենա կողմերի ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա»,-ասել է ԱԳ նախարարը։

Մայիսի 1-ին ԱՄՆ Արլինգթոն քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը, նույն օրը Վաշինգտոնում էլ` եռակողմ հանդիպում Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։ Միրզոյանի ու Բայրամովի բանակցությունները տևել են մինչև մայիսի 4-ը։ Բանակցությունների ավարտին Բլինքենը հայտարարել էր զգալի առաջընթացի մասին։

Մայիսի 25-ին Մոսկվայում սպասվում է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---