ԱՀ նախագահ․ Դադարեցնում եմ արտահերթ ընտրությունների շուրջ բոլոր քննարկումները, սահմանափակում հավաքների ազատությունը

ԱՀ նախագահ․ Դադարեցնում եմ արտահերթ ընտրությունների շուրջ բոլոր քննարկումները,  սահմանափակում հավաքների ազատությունը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել առկա արտաքին ու ներքին մարտահրավերների վերաբերյալ՝ նշելով, որ Արցախը չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում՝ դա է ժողովրդի կամքը։

Նա անդրադարձել է նաև ներքին կյանքին առնչվող որոշ հարցերի և հայտարարել է, որ դադարեցնում է արտահերթ ընտրությունների շուրջ բոլոր քննարկումները, սահմանափակում հավաքների ազատությունը։

Նա նշել է, որ ԱՀ կառավարումը կարող է իրականացվել բացառապես Սահմանադրությամբ նախատեսված մարմինների միջոցով։

«․․․Վերջին օրերին Արցախում կրկին կատարվել են ներքաղաքական լարվածություն առաջացնելու փորձեր: Տարբեր քաղաքական ուժեր և անհատներ իրենց հայտարարություններով, գործողություններով կամա թե ակամա ստեղծում են ներքին անհամերաշխության ու ապակայունության լրացուցիչ պայմաններ: Քննարկվել են սահմանադրական փոփոխությունների, ընտրությունների կազմակերպման հետ կապված հարցեր, Ազգային ժողովի նախագահի կողմից հնչել է նախագահի վստահության հանրաքվե անցկացնելու և պետական կառավարման նոր մարմին ստեղծելու մասին առաջարկ:

Ես ամենևին կառչած չեմ նախագահի պաշտոնից, հանուն Արցախի Հանրապետության ժողովրդի անվտանգության՝ պատրաստ եմ համագործակցության ցանկացած կարող ուժի ու անհատի հետ և իմ գործունեության ընթացքում փորձել եմ անել ամենը, որ այդպիսի երևույթները գնահատվեն որպես սովորական, ժողովրդավարական երկրներին բնորոշ գործընթացներ: Բայց, մյուս կողմից, Արցախում սահմանադրական կայուն կարգը, ներհասարակական համերաշխությունն ու պայքարի համընդհանուր ոգին անսակարկելի արժեքներ են, որոնց պաշտպանության թիվ մեկ պատասխանատուն ես եմ:

Պարզ է, որ մեր շուրջը տեղի ունեցող գործընթացներից ամենատեղեկացվածը նույնպես ես եմ, ինչը ինձ տալիս է դրանք բազմակողմանի ու առավել համընդգրկուն գնահատման ենթարկելու համեմատական առավելություն: Հենց այդ հանգամանքն է, որ հաճախ, հանուն երկրի ներքին խաղաղության ու համերաշխության, ինձ դրդում է համագործակցության այնպիսի քայլերի, որոնք շատերի կողմից, կրկնում եմ, անհասկանալի են թվում: Այդուհանդերձ, ոչ մի պարագայում թույլ չեմ տալու ներքին կործանարար իշխանատենչությունը, անձնական նկրտումների բավարարման փորձերը: Այս մոտեցումը որդեգրել եմ՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, քաղաքական խորհրդակցությունները, վերջին օրերին հասարակության բազմաթիվ ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում նրանց կողմից ներկայացված պահանջները, իմաստուն գնահատականները և ներքին կայունության ու ամրության առանձնահատուկ կարևորումը:

Այդ ամենի առնչությամբ հայտարարում եմ հետևյալը.

-Արցախի Հանրապետությունում կառավարումը կարող է իրականացվել բացառապես Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված մարմինների միջոցով:

-Պատրաստ եմ բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցության, որոնք ունեն պետության ներքին ու արտաքին քաղաքականության առնչությամբ տեսակետներ, գաղափարներ ու առաջարկներ: Այդ համագործակցության ինստիտուցիոնալ հիմնական հարթակը Անվտանգության խորհուրդն է, որտեղ, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա կարող են իմ կողմից հրավիրվել բոլոր ուժերի ներկայացուցիչները՝ առանց բացառության:

-Այսպիսի ճգնաժամային ծանր պայմաններում դադարեցնում եմ արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու շուրջ բոլոր տեսակի քննարկումները, ինչպես նաև՝ վերջին օրերին Ազգային ժողովի նախագահի կողմից առաջարկված վստահության հանրաքվե կազմակերպելու շուրջ մտքերի փոխանակումները: Հորդորում եմ վերջ տալ ներքաղաքական այդօրինակ գործընթացներին, որոնք կարող են վտանգել մեր երկրի ներքին կյանքի կայունությունը, կրկին ձևավորել ճամբարներ, ինչը մերօրյա պայմաններում անընդունելի է: Միաժամանակ վերահաստատում եմ դեռևս 2020թ. դեկտեմբեր ամսում հնչեցրած հրապարակային խոստումս՝ բարենպաստ պայմանների առկայության առաջին իսկ դեպքում հրաժարական տալու և նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրություններ կազմակերպելու մասին, որին ես չեմ մասնակցելու:

-Սահմանափակելու եմ հավաքների ազատությունը: Անընդունելի եմ համարում հատկապես այսպիսի վտանգների պայմաններում, առանց քաղաքական հավասարակշռման, առանց Արցախի ժողովրդի համար հետևանքներն ու մեր երկրի շահերի վրա ազդեցությունը լիարժեք գնահատելու՝ այս կամ այն քաղաքական ուժի կամ խմբի կողմից գործողությունները՝ ուղղված Արցախի անվտանգության հարցում կարևոր նշանակություն ունեցող սուբյեկտների դեմ: Պետական մարմինները գործում են անկաշկանդ, ղեկավարվում են բացառապես Արցախի Հանրապետության ժողովրդի շահերով և, նման հայտարարությունների, կոչերի անհրաժեշտության դեպքում, պատրաստ են ստանձնել այդ պատասխանատվությունը:

-Արցախի Հանրապետության իրավապահ մարմիններին, մասնավորապես՝ ազգային անվտանգության ծառայությանն ու ոստիկանությանը հանձնարարում եմ՝ ուժեղացնել հասարակական անվտանգության պահպանությանն ուղղված ջանքերը և ցանկացած օրինախախտման դեպքում ցուցաբերել համարժեք արձագանք՝ խախտում թույլ տված անձանց ենթարկելով պատասխանատվության: Ներքին կարգապահությունը պետք է լինի մեզանից յուրաքանչյուրի վարքագծի անբաժանելի մասը, որի ապահովման պարտականությունը կրում են իրավապահները:

Ապահովե՛ք ռազմական դրության պայմաններում տեղեկությունների հրապարակման հատուկ կարգով սահմանված պայմանները: Իսկ խախտումներ թույլ տվող և երկրի անվտանգությանն առնչվող տեղեկություններ հրապարակող անձանց ենթարկե՛ք պատասխանատվության և ապահովե՛ք այդ գործընթացի անհրաժեշտ հրապարակայնություն, որպեսզի բոլորին պարզ դառնա, որ նման արարքները անթույլատրելի, անօրինական ու դատապարտելի են»,-ասվում է ուղերձում:

Նա նշել է, որ շարունակում է կրել իր բաժին պատասխանատվությունը՝ ստանձնած ժողովրդի բարձր քվեով, նպատակ չունի խուսափել դրանից և բաց է համագործակցության ցանկություն ունեցող բոլոր ուժերի ու անձանց համար, ովքեր պատրաստ և կարող են ստանձնել ու կրել իրենց բաժին պատասխանատվությունը:

«Այս ծանր պայմաններում մենք բոլորս պետք է մեր ուշադրությունը սևեռենք բացառապես արտաքին մարտահրավերների հաղթահարման ջանքերի վրա, և ներքին որևէ գործընթացով չպետք է նպաստենք մեր հակառակորդների նպատակների կյանքի կոչմանը: Հավաստիացնում եմ, որ մեզնից կախված հնարավորինս կատարում ենք շրջափակման վերացման և դրա հետևանքների մեղմացման ուղղությամբ, և այդ ջանքերի մասին պետական լիազոր մարմինները հնարավորության սահմաններում պարբերաբար իրազեկում են հասարակությանը:

Վստահ եմ, որ մենք կկարողանանք միասնականությամբ, ներքին համերաշխությամբ ու քրտնաջան աշխատանքով, մեր թիկունքին ունենալով Հայաստանի Հանրապետության ու համայն հայության սատարումը, կանխել արտաքին ու ներքին սպառնալից զարգացումները և ապահովել Արցախի հայկական, ազատ, անվտանգ ու արժանապատիվ ապագան: Արցախի ժողովրդի ուժն իր կամքի, միասնականության և իմաստնության մեջ է»,-ասվում է Արայիկ Հարությունյանի ուղերձում։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն արձագանքել է Արցախի Ազգային ժողովի նախագահի կողմից իրեն փոխանցված Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հավաքի մասնակիցների հայտարարությանը: Նա հայտարարել է, որ որոշել է ընդառաջ քայլ անել՝ առաջարկել է սկսել քննարկումներ ու խորհրդակցություններ նրանց կողմից ներկայացված առաջարկների ու ծրագրերի շուրջ: Բաբայանը հայտարարել է, որ ցնցումներից խուսափելու նպատակով ԱՀ նախագահի առաջարկն ընդունվել է և առաջարկը 10-օրյա ժամկետում քննարկումներ կանցկացվեն։

Արցախի խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը Արցախի խորհրդարանի նիստի ժամանակ հայտարարել է, որ առաջարկել է ներդնել մի մոդել, որը փրկել է 1990-ականներին՝ դա պետական պաշտպանության կոմիտեն է։ Թովմասյանը ՊՊԿ-ում 2 թեկնածություն է առաջարկել՝ Ռուբեն Վարդանյանին և Սամվել Բաբայանին։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---