Պետդեպ․ ԱՄՆ-ն առավել վիճահարույց հարցերի լուծման առաջարկներ է արել Բաքվին և Երևանին

Պետդեպ․ ԱՄՆ-ն առավել վիճահարույց հարցերի լուծման առաջարկներ է արել Բաքվին և Երևանին

PanARMENIAN.Net - ԱՄՆ վարչակազմը ՀՀ և Ադրբեջանի ղեկավարությանն է ներկայացրել խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքի շրջանակում առավել վիճահարույց հարցերի լուծման վերաբերյալ իր առաջարկները։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի առաջին տեղակալ Դերեկ Հոգանը։

Ըստ նրա՝ երկու երկրի միջև ընթացող բանակցային գործընթացում «առաջխաղացում կա», գրում է ՏԱՍՍ-ը։

«Մայիսի սկզբին պետքարտուղարն ընդունել էր երկու երկրի ԱԳ նախարարներին` աշխատելու համար ամենավիճահարույց հարցերից մի քանիսի վրա, ներառյալ, օրինակ, սահմանային շրջանում զորքերի հետքաշումը, համաձայնագրում վեճերի լուծման մեխանիզմը, որին մենք փորձում ենք հասնել, Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի իրավունքներն ու անվտանգությունը։ Դրանք այն հարցերից են, որոնք մենք մշակում ենք», - ասել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության աշխատակիցը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում տեղի ունեցած լսումների ժամանակ։

Մայիսի 1-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ։

Հոգանը կարծում է, որ այդ հանդիպմանը «կողմերի միջև ինտենսիվ դիվանագիտական փոխգործակցություն է եղել»։

«Մենք հիմա պարզում ենք, թե ինչ կարելի է անել առավել վիճահարույց հարցերի մասով։ Մենք առաջ ենք քաշել մի շարք առաջարկներ, որոնք, հնարավոր է, երկու կողմերին որոշ ձևակերպումների հնարավորություն են տվել, որոնք թույլ են տալիս հաղթահարել տարաձայնությունները։ Նրանք քննարկում են այդ առաջարկները», - ասել է Պետդեպարտամենտի աշխատակիցը։

Նա նշել է, որ անցած շաբաթ խոսել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ՝ հասկանալու համար, «թե որ ուղղություններով կարելի է առաջ շարժվել»։

Անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հունիսի 1-ին Քիշնևում նախատեսված հանդիպմանը, որին մասնակցելու են Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը` Հոգանը նշել է, որ հանդիպման ժամանակ ուշադրությունը կկենտրոնանա այն բանի վրա, թե ինչ է պետք անել, որպեսզի գործն ավարտին հասցվի։

«Մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու։ Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքին, պետքարտուղարն ակտիվ ջանքեր է գործադրել, հատկապես առևտրային և մասնավոր տրանսպորտի համար այն բացելու համար», - ավելացրել է Հոգանը։

Մայիսի 25-ին Մոսկվայում սպասվում է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Հունիսի 1-ին Մոլդովայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, տեղի կունենա հնգակողմ հանդիպում՝ Միշելին, Միրզոյանին և Բայրամովին կմիանան Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---