«Դոգի» նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը. Միջոցներ կձեռնարկվեն նրան ԱՄՆ-ից ՀՀ փոխադրելու համար

«Դոգի» նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը. Միջոցներ կձեռնարկվեն նրան ԱՄՆ-ից ՀՀ փոխադրելու համար

PanARMENIAN.Net - «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել, հայտնում է Քննչական կոմիտեն։

ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավարներ հանդիսացող՝ «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանի, Արտակ Գալստյանի, ինչպես նաև երկու այլ անձանց կողմից խմբի կազմում քաղաքացի Տ․Ա․-ից 53,806,500 դրամին համարժեք 110,000 դոլար գումարի չափով շորթում կատարելու, ինչպես նաև ծառայությունների մատուցման քողի ներքո գիշերային ակումբի պատասխանատու ներկայացուցչին գույքային պահանջներ ներկայացնելու, վերջինիցս առանձնապես խոշոր չափերով՝ 60,000-100,000 դոլար գումարի չափով շորթում կատարելու վերաբերյալ։

Ձեռք բերված փաստերի հիման վրա Վ.Ղուկասյանի և Ա.Գալստյանի, ինչպես նաև Վ․Ղուկասյանի՝ ևս երկու հանցակիցների նկատմամբ խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Ա․Գալստյանին և նշված երկու անձանց ներկայացվել է մեղարդանք, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Իրականացված վարութային և ապացուցողական ծավալուն գործողությունների ընթացքում փաստական տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ Վ․Ղուկասյանը 2021թ․ հուլիսի 9-ին Youtube.com կայքի՝ իր անվամբ բացված անհատական էջով հանրության համար հասանելի ձևաչափով հրապարակված տեսաելույթի ընթացքում ցուցաբերել է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք։

Բացի այդ, 2022թ. նոյեմբերի 12-ին հանրության լայն շրջանակների համար հասանելի «youtube.com» և «facebook.com» սոցիալական կայքերի իր անհատական էջերով հնչեցրել է անձանց խմբի՝ պայմանագրային զինծառայողների նկատմամբ, քաղաքական հայացքներով պայմանավորված, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր և արդարացրել նրանց նկատմամբ այդպիսի բռնությունը։

Ձեռք բերված փաստերի հիման վրա Վ․Ղուկասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում 2 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 489-րդ հոդվածի 2-րդ մասով, 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, ինչպես նաև՝ 2 դրվագ առերևույթ հանցագործությունը կատարելու պահին գործող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու համար։

Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Վ․Ղուկասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Ըստ ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից ստացված տեղեկատվության՝ Ոստիկանությունը միջոց է ձեռնարկել Ինտերպոլի միջոցով Վ․Ղուկասյանի նկատմամբ միջազգային հետախուզում իրականացնելու նպատակով։

Միաժամանակ, քրեական վարույթի շրջանակներում ձեռք են բերվել տվյալներ առ այն, որ Վ․Ղուկասյանը գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ելնելով դրանից՝ քրեական վարույթին առնչվող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը, ինչպես նաև Վ․Ղուկասյանին հայտնաբերելու, գործող իրավական մեխանիզմներով վերջինիս ՀՀ իրավասու մարմիններին փոխանցելու հարցում անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու վերաբերյալ ԱՄՆ իրավասու մարմիններին ուղղված իրավական օգնության միջազգային հարցումը փոխանցվել է ՀՀ գլխավոր դատախազությանը՝ այդ ուղղությամբ անհրաժեշտ ընթացակարգ ապահովելու նպատակով:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---