Վարժական հավաքներից խուսափող 45 անձի մեղադրանք է ներկայացվել

Վարժական հավաքներից խուսափող 45 անձի մեղադրանք է ներկայացվել

PanARMENIAN.Net - Քննչական կոմիտեի ԶՔԳ վարչությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ մի շարք անձինք, հաշվառված լինելով ՀՀ ԶՈւ պահեստազորում, խուսափում են մասնակցել ՀՀ կառավարության որոշումներով 2022-ից պարբերաբար հայտարարվող՝ ռազմական ունակությունների կատարելագործմանը, մասնագիտական վերապատրաստմանը և պատրաստմանն ուղղված վարժական հավաքներից։

Վարժական հավաքներից խուսափող 45 անձի մեղադրանք է ներկայացվել։ 24 անձի վերաբերյալ քրեական վարույթներ, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին։ Նշված քրեական վարույթներով մեղադրական եզրակացությունները հաստատվել են, և գործերն ուղարկվել դատարան, հայտնում է Քննրական կոմիտեն։

Քրեական վարույթների մի մասով դեռևս նախաքննությունը շարունակվում է:

Նշվում է, որ որոշ դեպքերում պահեստազորում ընդգրկված անձինք, ստանալով համապատասխան հրավեր, ներկայանում են ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ՝ իրենց կցագրման տարածքային ստորաբաժանումներ, որտեղ պատշաճ կերպով ծանուցվում են հայտարարված վարժական հավաքներում ընդգրկված լինելու մասին, սակայն հրաժարվում են ստանալ դրանց մասնակցելու և վարժական հավաքի վայր մեկնելու ծանուցագրերը, ինչի մասին կազմվում են արձանագրություններ:

Որոշ դեպքերում անձինք ստանում են ծանուցագրերը, սակայն սահմանված օրը և ժամին, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ծառայությունից ազատվելու հիմքերի բացակայության պայմաններում, չեն ներկայանում ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ տարածքային ստորաբաժանումներ՝ այդ կերպ խուսափելով վարժական հավաքներից։

Բացի այդ, շրջանառվում է նաև վարժական հավաքներից խուսափելու առերևույթ հանցանքի կատարման նոր եղանակ, համաձայն որի՝ վարժական հավաքների ներգրավման ենթակա քաղաքացիները ձևականորեն որպես վարձու աշխատակիցներ են ձևակերպվում այնպիսի ընկերություններում կամ հիմնարկ ձեռնարկություններում, որոնց աշխատակիցներն օրենքի ուժով ունեն ամրագրում, այսինքն՝ աշխատանքի բնույթով պայմանավորված՝ ենթակա չեն վարժական հավաքների ներգրավման:

Ուսումնասիրության համաձայն՝ վարժական հավաքների անցկացման սկզբից ի վեր՝ 2022-2023 թվականների ընթացքում, ՀՀ ՔԿ ԶՔԳՎ կայազորային քննչական բաժիններում ստացվել է վարժական հավաքներից խուսափելու առերևույթ դեպքերի առթիվ ընդհանուր 160 հաղորդում, որոնցով նախաձեռնվել են քրեական վարույթներ։

ՀՀ քննչական կոմիտեն հատկապես պահեստազորում հաշվառված անձանց տեղեկացնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի համաձայն՝ օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքում վարժական հավաքներից խուսափելը հանցագործություն է, որը պատժվում է ընդհուպ մինչև 2 տարի ժամկետով ազատազրկմամբ։

Նշվում է նաև, որ վարժական հավաքների ենթակա անձանց վերոնշյալ բնույթի ընկերություններում կամ հիմնարկներում ձևականորեն որպես վարձու աշխատակիցներ ձևակերպելու պարագայում քրեաիրավական հետևանքներ են առաջանում ոչ միայն այդ կերպ վարժական հավաքից եղանակով խուսափողների, այլ նաև՝ տվյալ հիմնարկ-ձեռնարկության ղեկավարի համար՝ որպես արարքին օժանդակողի:

Նշվում է նաև, որ ՀՀ քննչական կոմիտեն հետամուտ է լինելու վարժական հավաքներից դիտավորությամբ խուսափելու յուարքանչյուր դեպքի համաչափ իրավական գնահատական տալու, իր պարտականությունների կատարումից հանցավոր կերպով հրաժարվող, ինչպես նաև՝ ցանկացած եղանակով այդ արատավոր երևույթն օժանդակող անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցում։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---