30 մայիսի 2023 - 10:38 AMT
Սիմոնյանը՝ Բերձրում Հայրենականի հերոսների հուշահամալիրի ոչնչացման մասին․ Երկակի ստանդարտներ, հիմարություն և ագահություն

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Բերձորում Հայրենական պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող Փառքի հուշահամալիրի ոչնչացմանը, խոսել է երկակի ստանդարտների մասին։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Արձագանք կլինի՞, ռեպորտաժներ կամ թոք շոուներ կլինե՞ն, որտեղ հայրենասերները կփոթորկվեն մեր մեծ հաղթանակը պղծելու համար։ Կամ միգուցե բավարարվեք կողմերին ուղղված զսպվածության ավանդական կոչո՞վ:

Երկակի ստանդարտներ, հիմարություն և ագահություն, իսկ հետո` դեմքի զարմացած արտահայտություն, թե ի՞նչը և ե՞րբ այնպես չի եղել»,-ասվում է նրա գրառման մեջ։

Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը» հայտնել է Ադրբեջանի մշակութային անհանդուրժողականության և վանդալիզմի հերթական դրսևորման մասին, այս անգամ՝ Բերձորում։

«Հողին է հավասարեցվել քաղաքի կենտրոնում` բլրի վրա գտնվող, դեռևս խորհրդային տարիներին կառուցված 1941-45թթ. Հայրենական պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող Փառքի հուշահամալիրը։ Արդեն որերորդ անգամ Ադրբեջանը ոչնչացնում է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններ, կամ հուշահամալիր։

Բերձորի Փառքի հուշահամալիրը նվիրված էր նաև Արցախյան գոյամարտում հերոսաբար զոհված հայորդիներին: Հուշահամալիրի երեք պատերի վրա հերոսների անուններն էր փորագրված: Փառքի հուշահամալիրը իր մեջ ընդգրկում էր երեք խաչքար: Մեկը նվիրված «Հատուկ գնդին»:

Մյուսը նվիրված էր Շուշիի ազատագրման համար նահատակված հայորդիներին և երրորդը Վազգեն Սարգսյանին»,- ասվում է «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության» հայտարարության մեջ։