Ղազախստանի հայերը հարգանքի տուրք են մատուցել1915թ.-ի Հայոց ցեղասպանության զոհերին

PanARMENIAN.Net - Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության հիշատակի օրը կարեւոր է ամբողջ աշխարհի հայության համար: Այդ ողբերգական օրը տարբեր երկրներում եւ քաղաքներում անցկացվում են տարբեր միջոցառումներ` նվիրված ավելի քան մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակին: Ղազախստանի հայերը նույնպես մեծ նշանակություն են տալիս դրան:



Մասնավորապես Կուստանայ քաղաքում միջոցառումը սկսվեց կեսօրին: Մեկնարկը տրվեց հայ երիտասարդության երթով համայնքից մինչեւ եկեղեցի` ի նշան հազարավոր մտավորականների, հարյուր հազարավոր կանանց, երեխաների եւ ծերունիների հիշատակի, որոնք երիտթուրքերի կառավարության հանցավոր քաղաքականության զոհը դարձան: Ինչպես անցած տարիներին, եղանակն այս անգամ էլ սգում էր մեզ հետ, մռայլ էր եւ, ժամանալ առ ժամանակ, ձյուն էր տեղում: Հայկական եկեղեցու մոտ հավաքվել էին շրջանի սփյուռքի ներկայացուցիչները` հոգեհանգստի արարողության:



Այս տարի շարունակվեց թեմատիկ կինոդիտման ավանդույթը եւ հանդիսատեսին ներկայացվեց իտալացի ռեժիսորներ Պաոլո եւ Վիտտորիո Տավիանիների «Արտույտների ագարակը» ֆիլմը` ըստ Անտոնիա Արսլանի համանուն վեպի: Կինոնկարը ոչ մեկին անտարբեր չթողեց, քանի որ պատմում էր Արեւմտյան Հայաստանի հայերի մի ընտանիքի մասին, որն ենթարկվել էր «արտաքսման»` Ցեղասպանության:



Երկրորդ տարին է, ինչ կինոդիտումից հետո միջոցառումների ծրագիրը շարունակում է դրոշներով մեքենաների երթը քաղաքի փողոցներում` ընգրկելով 250-հազարանոց քաղաքի գրեթե բոլոր շրջանները:



Օրվա ավարտ հանդիսացավ քաղաքի կենտրոնական փողոցում ջահերով երթը: Չնայած ցուրտ եղանակին եւ ուշ ժամին` այս միջոցառմանն անցյալ տարվա հետ համեմատած մասնակցում էին ավելի շատ երիտասարդներ, PanARMENIAN.Net ին հաղորդեց «Ղազախստանի հայ երիտասարդություն» նախաձեռնող խմբի ղեկավար Մաքսիմ Դալլաքյանը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---